12:51 | 02.02.16 | Նորություններ | 3710

«Յուքոմ»-ն ու ՀԱՕԿ-ը կհամագործակցեն

Հայաստանի Օլիմպիական պատվիրակության գլխավոր աջակիցը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում լինելու է «Յուքոմ» ընկերությունը:

Այս մասին այսօր հայտնել են Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որոնք էլ ստորագրել են համագործակցության հուշագիրը:

«Նոր ու հետաքրքիր փուլ է մեկնարկում մեր ընկերության համար: «Յուքոմ»-ը միշտ աջակցել է հայկական մշակույթի, սպորտի եւ կրթության տարածմանը: ՀԱՕԿ-ի հետ կնքված համաձայնագիրը մեկ տարով է նախատեսված, քննարկում ենք նաեւ մեր ընկերության ու ՀԱՕԿ-ի աշխատակիցների միջեւ սպորտային հանդիպումներ կազմակերպելու հարցը»,- ասել է Հայկ Եսայանը:

Նա ընդգծել է, որ համատեղ ուժերով փորձելու են օգտակար լինել Հայաստանի օլիմպիական թիմին ու ամռանը մեդալներով դիմավորել վերջինիս:

«Հաճելի է, երբ մեր հայկական ընկերությունները կանգնում են սպորտի կողքին: Վստահ եմ, որ համագործակցությունը տալու է իր պտուղները: Այս պայմանավորվածությունն օգնելու է ոչ միայն օլիմպիական թիմին, այլեւ նպաստելու է մեր երկրում օլիմպիական շարժմանը»,- ընդգծել է Հրաչյա Ռոստոմյանը:

Համագործակության շրջանակում կիրականացվի համատեղ միջոցառումների կազմակերպում, ակտիվորեն կլուսաբանվեն հայկական պատվիրակության ելույթները: