16:45 | 25.01.16 | Նորություններ | 3381

.am-ը ամենամեծ աճ գրանցած ազգային 3-րդ դոմեյնն է

Հայկական ազգային .am դոմեյնը, 2015թ. 4-րդ եռամսյակի տվյալներով, աշխարհի ամենամեծ աճ (18.1%) գրանցած երրորդ ազգային դոմեյնն է (ccTLD):

Այս մասին է վկայում Եվրոպական երկրների դոմեյնների կառավարիչների միության (CENTR) հրապարակած DomainWire Stat զեկույցը:

Գլոբալ առաջատարը չինական ազգային դոմեյնն է՝ .cn (30.8% աճ), որին հաջորդում է էստոնական .ee-ն (20.8% աճ):

.am-ը առաջատարներից է նաեւ եվրոպական հատվածում աճ գրանցած ազգային դոմեյնների շարքում: Այն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ 18% աճով: Եվրոպայում առաջատարն Էստոնիայի ազգային դոմեյնն է՝ 21% աճով, որին հաջորդում է Մոնտենեգրոյի ազգային դոմեյնը՝ .me-ն (19% աճ):

Վերջին տվյալներով՝ աշխարհում կա 311.5 մլն դոմեյն, որոնք 2015թ. 4-րդ եռամսյակում գրանցել են 4.4% աճ:

Խոշորագույն ազգային դոմեյնների թվում առաջատարը Չինաստանն է (.cn, 16.4 մլն): Նրան հաջորդում են Գերմանիան (.de, 16 մլն), Միացյալ Թագավորությունը (.uk, 10.6 մլն), Նիդեռլանդները (.nl, 5.6 մլն) եւ Ռուսաստանը (.ru, 5 մլն):