16:24 | 14.01.16 | Նորություններ | 4026

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Երվանդաշատում երկու ընտանիք բնակարանամուտ է տոնել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում 2015թ. տարեվերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն եւ վերանորոգվել մեկ տանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են այդ ընտանիքիների բնակարանամուտի արարողությանը:

«Հաճելի է 2016թ. միջոցառումների մեկնարկն սկսել բնակարանամուտով: Մենք այսօր տեսնում ենք նախորդ տարի սկսած ծրագրի արդյունքը: Շինարարության ամբողջ ընթացքը պատասխանատու եւ տեւական ժամանակ էր համագործակցող կողմերի համար: Իսկ տանիք ձեռք բերած ընտանիքների համար, թերեւս, ամենաարագ անցնող տարին` երկարամյա սպասումներից հետո: Ծրագրի հաջողության ամենաբարձր գնահատականը մեծ հոգսից ազատված մարդկանց  ժպիտն է: Իրականացվող աշխատանքները կարեւոր են ոչ միայն բարեկեցություն ձեռք բերելու իմաստով: Դրանք բարոյական աջակցության դրսեւորում են` խնդրի առջեւ կանգնած ընտանիքին միայնակ չթողնելու հրաշալի օրինակ: Նկատի ունենալով ծրագրի կարեւորությունը՝ ազդարարում ենք, որ այն շարունակվելու է նաեւ այս տարի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության  ծրագրի իրականացման համար: