12:37 | 24.12.15 | Նորություններ | 1269

«Թումո»-ի ուսանողները ձեւավորել են «Նոյան» հյութի տուփերը

«Թումո»-ի եւ «Նոյան» ընկերության համագործակցության արդյունքում մշակված նոր արտադրական գծի կոնցեպտը պատրաստվել է «Թումո»-ի ուսանողների կողմից, եւ պրոդուկտն այսօր կհայտնվի վաճառքում: 

«Թումո»-ում նշել են, որ 2 ամիս տեւած կոնցեպտի մշակման եւ ձեւավորման աշխատանքները ընթացել են հատուկ դասընթացի ձեւաչափով ՝մի քանի փուլով:

Ամենասկզբում ուսանողներն առաջարկել են կերպարների եւ պատմությունների իրենց գաղափարները, այնուհետ պատկերազարդող Սարա Մարի Շաբոյանի հետ ստեղծել են տարբեր կերպարների շարքեր, որոնք էլ Մոսկվայից հրավիրված դիզայներ Արամ Միրզոյանցի հետ կիրառել են փաթեթավորման նախագծերում:

«Այս նախագծի կարեւորագույն նվաճումը մեզ համար այն է, որ ուսանողներն աշխատեցին իրական արտադրության պայմաններում եւ անցան բոլոր փուլերով՝ գաղափարի ստեղծումից մինչեւ իրականացումը եւ մուտքը արտադրություն, իսկ դրանք փաթեթավորման աշխարհում առանցքային դեր են խաղում: Խումբը նաեւ իրականացրեց վաճառքի կետում արտադրանքի ներկայացման ոճի եւ նյութերի մշակումը»,- նշել է «Թումո»-ի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը: