11:03 | 22.12.15 | Հոդվածներ | exclusive 15386

Tonus. Գուշակիր բառը, եթե կարող ես

Գործարկվել է հայ մասնագետների մշակած Tonus խաղը, որը հասանելի է Google Play-ում:

Itel.am-ի հետ զրույցում Tonus-ի հիմնադիրներից Սարգիս Սարգսյանը պատմել է, որ խաղը նախատեսված է հայախոս օգտատերերի համար:

«Խաղի հիմնական իմաստը թիմի մյուս անդամին (անդամներին) սահմանափակ ժամանակում հնարավորինս շատ բառեր բացատրելն է՝ հետեւելով խաղի կանոններին (չօգտագործել նույնարմատ բառեր, բառի թարգմանությունը եւ այլն): Խաղում առանձնացված են 3 հիմնական թեմաներ՝ հնարավորություն ստեղծելով խաղալ ըստ նախասիրությունների: Հնարավոր է նաեւ «կարգավորումներ» բաժնից փոփոխել խաղի տեւողությունը եւ կառավարման ձեւը»,- նշել է Սարգիս Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ հավելված ստեղծելու գաղափարն առաջացել է կես տարի առաջ:

«Հիմնական մոտիվացիան ընկերներիս հետ հանդիպումներն ավելի ակտիվ, աշխույժ ու հետաքրքիր դարձնելն էր: Այս ամիսների ընթացքում փորձում էի ազատ ժամանակ գտնել հավելվածը վերջնական տեսքի հասցնելու համար եւ մի փոքր ուշացումով այն արդեն հասանելի է»,- պատմել է նա:



Tonus հավելվածի ստեղծման ուղղությամբ աշխատել է 3-հոգանոց թիմ:

«Գաղափարն իմն էր, երկար ժամանակ աշխատում էի հավելվածի վրա եւ արդեն ստեղծել էի աշխատող տարբերակ, երբ Սոնա Թովմասյանն իր ստեղծագործական դիզայներական մտքերով միացավ ինձ եւ ստեղծեց հավելվածի գեղեցիկ ու հարմարավետ տեսքը: Այնուհետ թիմին միացավ Վահե Առաքելյանը»,- նշել է Սարգիս Սարգսյանը:

Թիմը պլանավորում է ապագայում աշխատել նաեւ iOS տարբերակի վրա:
Ինչ վերաբերում է նոր գործառույթներին, ապա, Սարգիս Սարգսյանի խոսքով, դրանք կավելացվեն մոտ ապագայում:

«Դրանցից է, օրինակ, խաղի մնջախաղային տարբերակի ստեղծումը՝ խաղը հնարավոր կլինի խաղալ առանց խոսքերի»,- եզրափակել է նա:

Նարինե Դանեղյան