14:51 | 18.12.15 | Հոդվածներ | exclusive 6214

StartupGardener. Հայկական ստարտափներին օգնող ստարտափը

StartupGardener խորհրդատվական ընկերությունն աջակցում է հայկական ստարտափներին որպես ընկերություն գրանցվել ԱՄՆ-ում՝ այդպիսով հեշտացնելով ամերիկացի ներդրողների ուշադրությանն արժանանալը:

Ընկերությունը նաեւ օգնում է հայկական ստարտափներին բիզնես պլանների, ֆինանսական մոդելների, pitch deck-երի պատրաստման հարցում:
 
2015թ. ԱՄՆ-ում հիմնադրված ընկերության համահիմնադիրներն են Միքայել Խաչատրյանը, Սերգեյ Ղազարյանը եւ Մհեր Պետրոսյանը:
 
Itel.am-ի հետ զրույցում Միքայել Խաչատրյանը նշել է, որ ներդրումներ ստանալու համար էական է, որ ստարտափ թիմն ունակ լինի հնարավորինս տպավորիչ եւ էֆեկտիվ ներկայացնել իր բիզնեսը պոտենցիալ ներդրողներին: Բացի այդ, ստարտափում ներդրում կատարելիս կարեւորվում է դրա իրավաբանական գրանցման երկիրը:
 

Մհեր Պետրոսյանը

«Սա լավ հնարավորություն է հայկական ստարտափների համար արժանանալ արտասահմանցի ներդրողների ուշադրությանը: Մենք տրամադրում ենք նաեւ ԱՄՆ-ում բանկային հաշիվ բացելու եւ հաշվապահության ծառայություններ: Օրինակ, նույնիսկ սկզբնական ներդրմամբ ամերիկյան ընկերություն ունենալը 1 տարվա կտրվածքով ունի նույն արժեքը, ինչ Հայաստանում ընկերություն գրանցելու եւ պահելու դեպքում: Մենք ստարտափին ազատում ենք առօրյա բոլոր խնդիրներից, որոնք կարող են շեղել վերջինիս պրոդուկտի զարգացման բուն գործից»,- պատմել է Միքայել Խաչատրյանը:

Նա ընդգծել է, որ ամերիկյան բանկային հաշվի եւ քարտի օգնությամբ իրենց հաճախորդները կկարողանան նաեւ Հայաստանում կանխիկացնել PayPal-ով վաստակած գումարները, ինչը հատկապես արդիական է IT outsourcing-ով զբաղվող ընկերությունների համար»:
 
Սերգեյ Ղազարյանը իր հերթին պատմել է, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԱՄՆ-ում սովորող երեք ընկերներին սկսեցին դիմել երկու հարցով՝ օգնել ԱՄՆ-ում ընկերություն գրանցել, ինչպես նաեւ խորհրդատվություն տրամադրել բիզնես քընսալթինգի եւ փիչինգի հարցերում:  


Սերգեյ Ղազարյանը

StartupGardener-ի համահիմնադիրների խոսքով՝ իրենց թիրախային շուկան ոչ միայն Հայաստանն է, այլեւ ԱՊՀ մյուս երկրները:

«Պատճառն այն է, որ տարածաշրջանում ստարտափները տեխնիկապես լավ պատրաստված են, սակայն երբ բանը հասնում է բիզնես հարաբերություններին, նրանք կաղում են»,- պարզաբանել է Սերգել Ղազարյանը:
 
StartupGardener-ի համահիմնադիրների խոսքով՝ այս պահին իրենց առաջարկներն ինքնարժեքի գնով են, քանի որ նպատակը Հայաստանում ստարտափների ցանց զարգացնելն է՝ նրանց հետ հետագա համագործակցության ակնկալիքով: 

Նարինե Դանեղյան