17:49 | 21.12.15 | Նորություններ | 1080

Ռոբոտների շքերթ՝ Գյումրիի տեխնոպարկում

Դեկտեմբերի 22-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության եւ www.cult.am-ի նախաձեռնությամբ կկայանա ռոբոտների ցուցադրություն։ 

ՁԻՀ-ում նշել են, որ ցուցադրության ընթացքում կներկայացվեն ռոբոտներ, որոնք արտացոլում են ռոբոտատեխնիկայի զարգացման վերջին միտումները, արհեստական ինտելեկտը եւ ռոբոտների ուսուցման համակարգերը:

Բոլոր այցելուները հնարավորություն կունենան ներկա գտնվել ցուցահանդեսին, անձամբ ծանոթանալ ամենահայտնի ռոբոտներից մի քանիսին, շփվել նրանց հետ, լուսանկարվել:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, մուրացկան ռոբոտ եւ այլն։

Ցուցահանդեսին կմասնակցի նաեւ «ԱրմՋիՍի» ընկերությունն իր թռչող սարքերով, իսկ CET կազմակերպությունը («LEGO® Education» պաշտոնական մատակարար Հայաստանում) գյումրեցի դպրոցականների համար կիրականացնի լեգո ռոբոտների կառուցման սեմինար։

Ցուցահանդեսն ավելի մեծաքանակ ցուցանմուշներով ներկայումս ընթանում է Երեւանում, որի կազմակերպմանն աջակցում է Ամերիաբանկը: