13:20 | 09.12.15 | Նորություններ | 2681
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Նժդեհ եւ Ցղունի գյուղերն ապահովվել են արտաքին լուսավորությամբ:
Նժդեհ եւ Ցղունի գյուղերն ընդգրկող համայնքում տեղակայվել է 43 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ, որի շնորհիվ փողոցների 80%-ն ապահովված է լուսավորությամբ:
«Հանրապետության հինգ մարզում իրականացնում ենք «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը: Դրանից օգտվում են աջակցության մեծ կարիք զգացող սահմանամերձ, հեռավոր գյուղերի մեր հայրենակիցները: Ծրագիրը, որի արժեքն ավելի քան 207 մլն դրամ է, հնարավորություն է տալիս ամբողջությամբ լուծելու մի քանի գյուղի խնդիր: Մենք, սակայն, ընտրել ենք մեկ այլ՝ շատերին օգտակար լինելու մոտեցումը: Դա կարեւոր է ոչ միայն մեր հայրենակիցների շրջանում վաղվա օրվա հանդեպ հույս, հավատ, լավատեսություն արթնացնելու, այլեւ համայնքին ֆինանսական իրական աջակցություն դրսեւորելու՝ բյուջեում խնայված միջոցներ ապահովելու առումով: Այս կերպ մենք ապահովում ենք ծրագրի բուն՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսությունների զարգացման նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: