14:10 | 26.11.15 | Նորություններ | 4427
Ավարտվել է «Օրանժ Արմենիա»-ի հերթական «Կամավորական շաբաթը», այս անգամ՝ սահմանամերձ Զանգակատուն գյուղում:
Նոյեմբերի 3-ին մեկնարկած այս աշխատանքները համալրում են Orange Հիմնադրամի ֆինանսավորմամբ համայնքում իրականացվող «Մեկ գյուղ» ծրագիրը:
Ամսվա սկզբից Զանգակատուն գյուղի դպրոցի սաների, նրանց ծնողների եւ ուսուցիչների համար «Օրանժ Արմենիա»-ի աշխատակիցներն արդեն անցկացրել են տասը դասընթաց՝ կիսվելով համակարգչային հմտությունների եւ համացանցից ապահով կերպով օգտվելու գիտելիքներով:
Հատուկ դաս է կազմակերպվել նաեւ ուսուցչական կազմի համար՝ նվիրված արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների ժամանակ անվտանգության կանոններին:
Դասընթացներին մասնակցել են 58 երեխաներ եւ 47 մեծահասակներ:
«Մեզ համար չափազանց կարեւոր է հնարավորություն ստեղծել մեր աշխատակիցների համար իրենց անձնական ներդրումն ունենալ իրականացվող՝ հասարակական նշանակություն ունեցող ծրագրերին: Հպարտանում ենք մեր աշխատակիցներով, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու էներգիան տրամադրել այս ծրագրերին կիսվել սեփական փորձով ու գիտելիքներով»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը: