12:39 | 20.11.15 | Նորություններ | 2014

Հայկական ՏՀՏ ավտոարշավ 2016-ը կհյուրընկալվի ԱՄՆ-ում եւ Կանադայում

Հայկական ՏՀՏ ավտոարշավ 2016-ը, որը կտեւի մեկ ամիս, կանցկացվի ԱՄՆ-ում եւ Կանադայում:

Այս մասին այսօր «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ 2015» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

Նա նշել է, որ ամենայն հավանականությամբ, միջոցառումը կանցկացվի հաջորդ տարվա մարտ- ապրիլ ամիսներին:

«Դա պայմանավորված է նրանով, որ այդ ամիսներին ԱՄՆ-ում եւ Կանադայում կան մի քանի խոշոր միջոցառումներ, եւ ցանկանում ենք, որ մեր ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դրանց ներկա լինեն»,- ասել է Վահան Շաքարյանը` ընդգծելով, որ մանրամասները հայտնի կլինեն հունվարին:   

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանն էլ, խոսելով «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մասին, նշել է, որ պատվիրակությունն ավելի քան 300 նախնական կապեր եւ պայմանավորվածություններ է ձեռք բերել եվրոպացի գործընկերների հետ:



«Նկատեցինք, որ Հայաստանի՝ որպես ՏՏ երկրի մասին, մի փոքր մոռացել էին: Եվ այս միջոցառումը շատ կարեւոր էր, որպեսզի եւս մեկ անգամ բարձրաձայնեինք մեր ՏՏ ներուժի մասին»,- ասել է նա: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն էլ նշել է, որ հայկական պատվիրակությունը եվրոպական երկրներում ներկայացրել է ոչ միայն մասնակից ընկերությունների տեխնոլոգիական լուծումները, այլեւ Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական երկրի հնարավորությունները, որն ունի նաեւ բարենպաստ ներդրումային միջավայր եւ կարող է լավ հարթակ լինել դեպի տարածաշրջանային շուկաներ:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրն իրականացվել է այս տարվա հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը: Ծրագրին մասնակցել են հայկական 26 ՏՀՏ ընկերությունների 36 պատվիրակներ:

Ավտոարշավը ներառել է 18 երկրներ: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են 12 պաշտոնական եւ ավելի քան 30 անհատական հանդիպումներ Վիեննայում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում եւ Սոֆիայում:

Ծրագրի գլխավոր հովանավորներն են «Լոֆթ» եւ «Սիթիմոբիլ» ընկերությունները, իսկ գլխավոր ֆինանսական գործընկերն ու աջակիցը՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը: