10:12 | 05.11.15 | Նորություններ | exclusive 1496
Նոյեմբերի 1-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց GDG (Google Developer Group) DevFest Armenia 2015-ը, որին մասնակցեց ավելի քան 200 մարդ:
Հայաստանում Google Developer Group-ի կողմից ամեն տարի կազմակերպվող տեխնոլոգիական միջոցառման նպատակն է մեկ վայրում համախմբել ծրագրավորողներին, ինչպես նաեւ Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին:
Տարածաշրջանի առաջին Google Design Sprint-ը՝ Հայաստանում
GDG Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանը Itel.am-ին պատմել է, որ հոկտեմբերի 31-ին 5 հայկական թիմ մասնակցել է Design Sprint-ին, որը վարել է ինտերակտիվ դիզայնի մասնագետ Ավի Աշքինազին:
Թիմերը միմյանց հետ ակտիվ քննարկումների միջոցով մեկ ամբողջ օրվա ընթացքում խոսել են իրենց պրոդուկտի խնդիրների մասին:
Նախագծերի կառավարման Design Sprint մեթոդը ստարտափների համար նախատեսված Google Launchpad-ի մասն է: Վերջինիս նպատակն է օգնել ստարտափներին լուծել իրենց սկզբնական խնդիրները: Հայաստանը տարածաշրջանում առաջինն էր, որտեղ Google Design Sprint կազմակերպվեց:
«Սա նշանակում է, որ մեզ վստահում են: Պատասխանատվություն է, քանի որ հաջող մեկնարկի դեպքում Google-ը հնարավոր է՝ ավելի հաճախակի նման միջոցառումներ կազմակերպի տարածաշրջանում»,- նշում է Վարդան Գրիգորյանը:
Google-ի փորձագետները՝ DevFest Armenia 2015-ում
Նոյեմբերի 1-ին DevFest Armenia 2015-ի շրջանակում ելույթ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի խոսնակներ: Մասնավորապես, Google-ից ազգությամբ թուրք Բարիս Յեսուգեյը խոսել է Google Launchpad ծրագրի, իսկ Google Developer փորձագետ Օյթուն Էրեն Սենգուլը՝ Mobile UI եւ UX միտումների մասին:
«Google-ի հայազգի աշխատակից Արա Ավենեսյանն էլ հետաքրքիր ելույթ ունեցավ այն մասին, թե ինչպես է ընթանում աշխատանքային գործընթացը մեծ կազմակերպություններում: Ելույթի համար մեկ ժամ էր նախատեսված, սակայն այն ավելի քան մեկ ու կես ժամ տեւեց»,- պատմել է Վարդան Գրիգորյանը:
Օրվա ընթացքում կազմակերպվել է նաեւ Polymer Code Lab-ը, որի ընթացքում կարելի էր կոդ գրել սովորել: Դասընթացը վարել է Արշակ Խաչատրյանը:
Ամենամյա GDG DevFest Armenia միջոցառումը կազմակերպում է Google Developer Group Yerevan-ը՝ Google ընկերության եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ:
Նարինե Դանեղյան