14:47 | 28.10.15 | Նորություններ | 2475

Freedom House. Հայաստանն ազատ ինտերնետ ունեցող երկիր է

Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Համացանցի ազատություն» (Freedom on the Net – 2015) զեկույցը, որում Հայաստանը ճանաչվել է «ազատ ինտերնետով» երկիր:

Երկրները զեկույցում դասակարգվել են 0-ից (ամենաազատ) մինչեւ 100-միավորանոց (ամենաքիչ ազատ) սանդղակով: Ըստ այդմ, 0-30 միավոր ստացած երկրները «ազատ» են, 31-60 միավորը՝ «մասամբ ազատ» եւ 61-100 միավորը՝ «ոչ ազատ»:

Հայաստանը, ինչպես եւ անցած տարի, 28 միավոր է հավաքել համացանցի ազատության սանդղակում:

«Հայաստանում ինտերնետի մատչումը շարունակում է աճել, թեեւ ինտերնետի ներթափանցման մակարդակը 50%-ից ցածր է, եւ 2014թ. վերջին ինտերնետի միջին արագությունը կազմել է 3.2 մգբթ: Ենթակառուցվածքում կատարված բարեփոխումները նպաստել են ինտերնետ ծառայության ավելի քիչ խափանումների՝ նախորդ տարիների համեմատ»,- ասված է զեկույցի՝ Հայաստանին նվիրված մասում:

Տարածաշրջանի երկրներից «ազատ համացանցով» երկիր է նաեւ Վրաստանը (24 միավոր): Հարեւաններ Թուրքիայում (58 միավոր) եւ Ադրբեջանում (56 միավոր) ինտերնետը «մասամբ ազատ» է, իսկ Իրանում՝ «անազատ» (87 միավոր):

Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում ինտերնետն «անազատ» է:

Freedom House-ը չափել է համացանցի եւ թվային մեդիաների ազատությունը 65 երկրում։