15:30 | 27.10.15 | Նորություններ | 4298

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ջեռուցվել է Արծվաբերդի մարզադպրոցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել եւ ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրով համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները:

Նախագծի շրջանակում Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի մարզադահլիճում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ եւ էլեկտրական ջեռուցման համակարգ:

Համակարգի գործարկումը ձմռանը  50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը. դրա բնապահպանական առավելություններն ակնհայտ են,  իսկ սահմանամերձ Արծվաբերդի մարզադահլիճը ջեռուցմամբ եւ տաք ջրով ապահովելը կրկնապատկում է նախագծի կարեւորությունը: Ձմռան ամիսներին եւս մարզվելու հնարավորություն ունենալով՝ Արծվաբերդի եւ շրջակա գյուղերի պատանիներն առավել մեծ հաջողությունների կարող են հասնել: Պատմության ընթացքում մենք շատ առիթներ ենք ունեցել հպարտանալու հայ մարզիկների բացառիկ հաջողություններով եւ համոզված ենք, որ Հայաստանի ապագա չեմպիոններ են մարզվելու հենց այս մարզադահլիճում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանամերձ Արծվաբերդ գյուղը, որը գտնվում է Ադրբեջանից մոտ 8 կմ հեռավորության վրա, ունի մոտ 5220 բնակիչ: Մարզադահլիճում գործում են տարբեր սպորտային խմբակներ ոչ միայն արծվաբերդցի, այլ նաեւ հարեւան համայնքների պատանիների համար:

Ծրագրի իրականացման համար այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 207 438 200  դրամ: