09:55 | 26.10.15 | Նորություններ | 5262

Օրանժ Արմենիան պարգեւատրել է «Բաց խաղ» առաջնության հաղթողներին

Հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը:

Դավիթ Մկրտչյանի Drift Rivals խաղը հաղթող է ճանաչվել «Լավագույն 3D խաղ», իսկ Marimba թիմի Space խաղը՝ «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում:

Գյումրիից Digital Pomegranate թիմը իր PlayLand Armenia նախագծով հաղթել է միանգամից երկու`«Լավագույն 2D խաղ» եւ «Լավագույն դիզայն»  անվանակարգերում:

PlayLand Armenia-ն առաջին առցանց խաղահրապարակն է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ մանուկների համար: Հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել եւ շփվել միմյանց հետ:

«Լավագույն կրթական խաղ» անվանակարգում հաղթել է Այգեկի բնակիչ Վանիկ Սարգսյանը՝ իր «Միլիոնատեր» նախագծով:

«Ատոմ» թիմի Versus խաղն արժանացել է «Հատուկ մրցանակի», ինչպես նաեւ նվաճել «Ժողովրդական մրցանակ» տիտղոսը:

Առաջնության հաղթող մասնակիցները ստացել են գումարային պարգեւատրումներ, իսկ Օրանժ Արմենիան անակնկալ է մատուցել 3 երիտասարդների՝ հնարավորություն ընձեռելով մասնագիտական վերապատրաստում անցնել ընկերությունում եւ ուղղակիորեն ներգրավված լինել պրոֆեսիոնալ թիմերի աշխատանքին:

«Բաց խաղ» առաջնությունը 5 տարի անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկերն է նաեւ Huawei ընկերությունը: