14:18 | 23.10.15 | Նորություններ | 1807

ՄԻԿ Հայաստանի աքսելերացիայի ծրագրին մասնակցում է 14 ստարտափ

14 ստարտափ մասնակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի (ՄԻԿ Հայաստան) աքսելերացիայի ծրագրին նոր շրջանին:

Ինչպես տեղեկացրել են ՄԻԿ-ից, շուրջ երկու ամիս տեւած հայտագրման եւ ընտրության փուլերից հետո, որին դիմել է 50-ից ավելի թիմ, ընտրվել է 14-ը:

Ընտրված թիմերը հիմնականում լուծումներ են առաջարկում հետեւյալ ոլորտներում՝ առցանց առեւտուր, լուծումներ ձեռնարկությունների համար, տեսանյութերի պատրաստում, սոցիալական խնդիրներ եւ այլն։

ՄԻԿ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանի խոսքով՝ ստարտափները զարգացման տարբեր մակարդակներում են։

«Կան թիմեր, որոնք դեռեւս գաղափարի կամ նախատիպի մշակման փուլում են, սակայն ծրագրի շրջանակում աջակցություն կստանան նաեւ արդեն օգտատերերի կայուն քանակ ունեցող ստարտափեր, որոնք կարողացել են ներգրավել նաեւ ներդրումներ»,- ասել է նա:
 
Արտաշես Վարդանյանի խոսքով՝ 12 շաբաթ տեւողությամբ ծրագրի ողջ ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ կտանեն իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` ստանալով խորհրդատվություն փորձառու մենթորներից։

«Ծրագրի այս փուլում ներգրավվելու են մասնագետներ Սիլիկոնյան հովտից, Իսրայելից, Ավստրալիայից, Ռուսաստանից: Թիմերի հետ կաշխատեն նաեւ հայ փորձառու խորհդատուներ: Նրանք կփորձեն կապեր հաստատել ներդրողների եւ վենչուրային հիմնադրամների հետ»,- նշել է Արտաշես Վարդանյանը:
 
Ծրագիրը կեզրափակվի  «Դեմո օր» միջոցառմամբ, որի ժամանակ մասնակից ստարտափ թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

Աքսելերացիոն ծրագրի վերջին երկու փուլերին մասնակցած 4 ստարտափեր՝ Solo Learn, Forkize, Flaxton եւ Penny, կարողացել են ներգրավել ավելի քան  $350 հազ.՝ իրենց պրոդուկտի հետագա զարգացման եւ մարկետինգի համար։

Աքսելերացիայի այս փուլին մասնակցող թիմերն են՝

•    BeeCart – նպարեղենի առցանց առաքման համակարգ,
•    Archimedes – միջին եւ բարձրագույն կրթական հաստատությունների դասացուցակի ավտոմատ կազմման համակարգ,
•    Challenger – հավելված, որը կօգնի մարդկանց հասնել իրենց հետաձգված նպատակներին՝ հաղթահարելով որոշակի մարտահրավերներ եւ մրցակցելով միմյանց հետ,
•    CPU panda – CPU-ի առցանց մանրածախ վաճառքի համակարգ, որը առաքում է ամբողջ աշխարհով,
•    Follow My Youtube – վեբ լուծում, որի շնորհիվ հնարավոր կլինի նայել Youtube տեսանյութեր ընկերների հետ միաժամանակ, սակայն տարբեր վայրերում,
•    Friendhub – մոբայլ հավելված, որը կօգնի մարդանց հաղորդակցվել իրական կյանքում,
•    Homesweet – սիրած ուտելիքի պատվիրման համակարգ,
•    Helpie  - օգտագործողի փորձառությունը լավացնելու եւ հաղորդակցությունը բարելավելու միջոց,
•    gShop – տնտեսական ապրանքների ավտոմատացված առաքման համակարգ, որը հիմնված է սպառողի վարքի վրա,
•    Masoor solutions – բժշկական պայմանավորվածությունների ժամանակացույցի կազման ավտոմատ համարգ, որը կօգնի ժամանակին ընդունել դեղեր եւ  բուժումներ,
•    NeedChange – հավելված, որը կօգնի ժամանցի վայրեր այցելելիս խուսափել անհարմարություններից եւ կատարել սեղանի ամրագրում եւ նախօրոք պատվերներ,
•    Renderforest – տեսանյութերի պատրաստման անվճար առցանց հարթակ,
•    New life – հագուստի խանութների առցանց առեւտրի հարթակ,
•    Filmer – մոբայլ հավելված, որը կօգնի գտնել Ձեր հաջորդ սիրելի ֆիլմը: