11:34 | 21.10.15 | Նորություններ | 4044

Orange-ի աջակցությամբ «Լույս հայի աչքերին» ծրագիրն անցկացվում է Արագածոտնի մարզում

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 19-ից Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) Արագածոտնի մարզում իրականացնում է անվճար ակնային զննումներ բոլոր բնակիչների եւ անվճար բուժումներ ու վիրահատություններ սոցիալապես անապահով անձանց համար։

Ակնկալվում է, որ Արագածոտնի մարզում ակնային ստուգումներ կանցնեն 1500 մեծահասակներ եւ նույնքան աշակերտներ:

Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները հոկտեմբերի 20-ին այցելել են Թալին՝ ծանոթանալու Աչքի շարժական հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին:

««Լույս հայի աչքերին» ծրագիրն Orange Հիմնադրամի կարեւորագույն նախաձեռնություններից է, հատկապես այն պատճառով, որ մարզային բնակիչների համար հասանելի է դարձնում որակյալ ակնային ծառայությունները եւ շոշափելի կերպով բարելավում նրանց կյանքը: Հպարտ ենք Հայկական ակնաբուժության նախագծի հետ երկարամյա համագործակցությամբ եւ ամեն տարի գրանցվող նշանակալի արդյունքներով», - ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Աչքի շարժական հիվանդանոցը Թալինում կմնա մինչեւ հոկտեմբերի 24-ը, այնուհետեւ կուղեւորվի Ապարան եւ Աշտարակ: