11:56 | 15.10.15 | Նորություններ | 4151
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցում Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները, ինչպես նաեւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Ներքին Կարմիրաղբյուրում մասնակցել են Ավագյանների կիսակառույց տան շինարարությանը:
«Այս այցելությունն առավելապես հոգեբանական նշանակություն ունի: Ցանկացած հայ կարող է ինքնուրույն տուն կառուցել: Կրակոցների տակ տուն կառուցելը, սակայն, այնքան էլ հեշտ չէ: Սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է զգան, որ մենակ չեն, որ ամուր թիկունք ունեն: Մենք փորձում ենք նրանց այդ վստահությունը փոխանցել՝ անձամբ մասնակցելով իրենց տան շինարարությանը: Շինարարական աշխատանքներից հետո մենք հեռանալու ենք այստեղից, իսկ Ավագյանները մնալու են՝ ամուր պահելով մեր սահմանը: Պետք է կարողանանք գնահատել հողին տեր լինելու նրանց բարձր գիտակցությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ 2014թ. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 16 ընտանիք կարողացել է լուծել բնակարանային խնդիրը: Մինչեւ տարեվերջ եւս 11 ընտանիք կապրի բարեկարգ պայմաններում:
Ծրագրի իրականացման համար 2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014թ.՝ 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: