14:52 | 14.10.15 | Նորություններ | 2352

ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթն ընդունում է հայտեր

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը սկսել է ընդունել հայտեր:

Մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականները՝ մինչեւ դեկտեմբերի 15-ը լրացնելով մասնակցության հայտն այստեղ:

Մրցույթի նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր  տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախնական փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց խաղերը կներկայացնեն ժյուրիի անդամներին: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգեւներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ եւ ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:

«Այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում ենք հանրապետության բոլոր շրջանների տաղանդավոր երեխաներին եւ նոր հնարավորություններ ստեղծում նրանց հետագա մասնագիտական զարգացման ու, ընդհանրապես, ոլորտի ռեգիոնալ զարգացման համար: Դպրոցահասակ երեխաները նախ սկսում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, յուրացնում կոդավորման էլեմենտները, ապա հասարակ սպառողից վերածվում են արդեն արտադրողի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այս երեխաները իրենց իսկ բնակավայրերում ստարտափ ընկերություններ ստեղծելու ներուժ են ձեռքբերում»,- ասել է Կարեն Վարդանյանը:

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր հովանավոր՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանն իր հերթին նշել է, որ մրցույթը կարեւոր նախաձեռնություն է հատկապես Հայաստանի մարզերում:

Նա տեղեկացրել է, որ առաջին արդյունքներն արդեն տեսանելի էին այս տարի ամռանը կայացած մրցույթի առաջին փուլի ընթացքում:

ԴիջիԿոդի շրջանակում աշակերտներն աշխատում են Scratch («Աղվես») ծրագրավորման լեզվով եւ ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կայք: 

Scratch-ը MIT-ի մշակած գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ  «Աղվես»-ը  Scratch ծրագրի հայաֆիկացված եւ նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաեւ ռոբոտներ ծրագրավորելիս: