12:00 | 25.09.15 | Նորություններ | 1699

Անի քաղաքը եռաչափ մոդելավորվում է

«Լոկատոր» ընկերությունը, որն իրականացնում է Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքները, ձեռնամուխ է եղել Անիի քաղաքի վիրտուալ վերականգման աշխատանքներին:

Ընկերությունում նշում են, որ 3D մոդելավորման շնորհիվ առաջիկայում յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ոչ միայն տեսնել վերականգնված Անին, այլեւ վիրտուալ ճանապարհորդություն կատարել քաղաքում` մտնելով յուրաքանչյուր եկեղեցի, վանք, ամրոց, քայլել փողոցներում, հանդիպել հին Անիի բնակիչներին եւ այլն:

Ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը ներգրավելու է ճարտարապետ հնագետների, արվեստագետների, երաժիշտների, պատմաբանների, մոդելավորողների, անիմատորների։ Շուրջ 1,5 տարի տեւող այս աշխատանքների ինքնարժեքը կազմելու է $300-350 հազ., ինչի նպատակով ընկերությունը փնտրում է համախոհների եւ ներդրողների:

«Գաղափարի ներդրման համար կարեւոր նշանակություն է ունեցել նաեւ այն հանգամանքը, որ այսօր Անիում չկա որեւէ հիշատակում, որ այն հայկական մայրաքաղաք է: Երբ այսօր զբոսաշրջիկներն այցելում են Անի, չեն կարող տեղեկանալ, որ այն որեւէ կապ ունի հայերի հետ: Բնականաբար, առաջնային խնդիրն այն է, որ մենք աշխարհին ցույց տանք, որ Անին հայկական քաղաք է ու հայկական մշակույթ»,- նշել է «Լոկատոր» ընկերության համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանը:

Ծրագրի շրջանակում մտադրություն կա նաեւ Անիի հանդիպակաց տարածքում` Հայաստանի սահմանին, կառուցել դիտակետեր՝ այցելուներին տրամադրելով հեռադիտակներ՝ Անին տեսնելու համար:

«Սակայն հեռադիտակը ցույց է տալիս ոչ թե Անիի ավերակները, այլ վերականգնված Անին: Ավելին` հեռադիտակի միջոցով այցելուն հնարավորություն է ունենալու «մտնելու» քաղաքի ամեն մի անկյուն, տեսնելու քաղաքի կենդանի շարժը եւ տպավորություն ստանալու, որ շրջում է հին Անիում: Ակնհայտ է, որ նոր զբոսաշրջության վայրը կդառնա Հայաստանում ամենաայցելվողներից մեկը, եթե ոչ ամենաայցելվողը, քանի, որ այն իր բնույթով կլինի առաջինն ամբողջ աշխարհում»,- ասել է Վլադիմիր Սոֆյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը հետաքրքիր է նաեւ բիզնես տեսանկյունից։

«Նախատեսվում է տարբեր տիպի ելքային արտադրանքի ստեղծում` սկսած հավելվածներից եւ վերջացրած Blu-Ray սկավառակներով, վեբ հավելվածներով: 7D կինոթատրոններում կարելի է կազմակերպել դիտումներ, ինչը շատ տարածված է Եվրոպայում»,- պարզաբանել է նա:

«Լոկատոր»-ն արդեն եռաչափ մոդելավորել եւ Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն կատարելու Արցախի պատմական քաղաքներում: