14:05 | 24.09.15 | Նորություններ | 4630

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «երկրորդ կյանք» է տալիս շահագործված բջջային հեռախոսներին

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրվելու են շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` դրանց դետալներն օգտագործելով ռոբոտներ պատրաստելու համար:

Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«Վիճակագրության համաձայն՝ աշխարհում օգտագործվում է շուրջ 3,5 միլիարդ բջջային հեռախոս: Համեմատության համար նշենք, որ այս թիվը գրեթե հավասար է մոլորակի բնակչության թվաքանակի կեսից ավելիին: Սակայն քչերը գիտեն, որ թափոնի վերածված հեռախոսները վնասարար երկարաժամկետ ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բջջային հեռախոսի՝ թունանյութեր պարունակող մասերը, հատկապես սնուցման մարտկոցները, ոչ պատշաճ կերպով թափոնի վերածվելու դեպքում, ի վերջո հայտնվում են գետերում կամ հողի մեջ, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական խնդիրները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը քայլեր է ձեռնարկում՝ երիտասարդների շրջանում հեռախոսների առավել պատասխանատու գործածման եւ դրանցից անվտանգ կերպով ձերբազատվելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ թափոնի վերածված բջջային հեռախոսների վերամշակումն իրականացնելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախաձեռնության մեկ այլ բաղադրիչը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հատուկ արկղերի տեղադրումն է, որտեղ հաճախորդները կկարողանան թողնել ոչ պիտանի բջջային հեռախոսներ, որոնք եւս կհանձնվեն «ԱրմՌոբոտիքս»-ի խմբակներին:

Ռոբոտասերների համար կազմակերպվում է նաեւ RoboFest փառատոնը: Այն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 2-ից 4-ը՝ DigiTec Expo միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում: