16:51 | 23.09.15 | Նորություններ | 4993

    Հեռարձակման թվայնացումն ավարտվել է

    Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է։

    Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակումը հասանելի է:

    Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014թ. հունվարի 14-ից։

    Աշխատանքներն իրականացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն՝ «Էրիքսոն»» եւ «Ինթելսաթ» կազմակերպությունների հետ համատեղ։

    «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն ասել է, որ կատարված աշխատանքները լիովին համապատասխանում են նախատեսված չափորոշիչներին:

    Թվայնացումից հետո Երեւանում եւ մերձակա բնակավայրերում կհեռարձակվի թվային 18, իսկ մարզերում՝ 9 հեռուստաալիք:

    Մասնագիտական որոշ գնահատականների համաձայն՝ թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։

    Անալոգային հեռուստահեռարձակման վերջնաժամկետը նախատեսված է 2016թ. հունվարի 1-ը:

    «Մենք հունվարի մեկին դադարեցնելու ենք անալոգային հեռարձակումը, եթե այլ իրավական ակտ կամ այլ իրավական մոտեցում մինչ այդ օրինականացված չլինի ՀՀ-ում: Կարծում եմ՝ քաղաքացիները սարքը ձեռք բերելու խնդրի լուծումը չպետք է թողնեն վերջին օրվան, որովհետեւ դա կարող է շուկայում առաջացնել ծանրաբեռնվածություն»,- ասել է Գրիգոր Ամալյանը։

    Ծրագրի ամբողջական արժեքը 6 մլրդ 922 մլն դրամ է:

    Թվային հեռարձակման մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ: