13:18 | 10.09.15 | Նորություններ | 2345

Apple-ի նորույթներն ու հայկական Shadowmatic-ը

Apple ընկերությունը սեպտեմբերի 9-ին Կալիֆոռնիայում ներկայացրել է Տարվա գլխավոր նորությունները:

iPhone 6s and 6s Plus՝ ավելի ամուր եւ ծանր

Նոր սերնդի iPhone-ի դիզայնը չի փոխվել: Փոխարենն ավելացել է քաշը՝ նախկին 129 գրամի փոխարեն  iPhone 6s-ը կշռում է 143 գրամ, իսկ iPhone 6s Plus-ը՝ 172 գրամի փոխարեն 192 գրամ:

Կրկնակի իոնիզացման գործընթացի շնորհիվ ավելի ամուր է դարձել էկրանի պաշտպանիչ ապակին:

Նոր iPhone-ի տեսախցիկը 12 մեգապիքսել է: Դիմացի տեսախցիկը 5 մեգապիքսել է: Բոլոր նրանց համար, ովքեր չեն հավանել մուգ մոխրագույն, արծաթագույն եւ ոսկեգույն տարբերակները, ընկերությունը նոր գլամուրային տարբերակ է առաջարկում՝ վարդագույն ոսկի:



Նոր սմարթֆոնի գլխավոր նորարարությունը 3D Touch համակարգի ներդրումն է: Այն թույլ է տալիս սարքին ճանաչել էկրանի վրա գործադրված ուժի աստիճանը, իսկ ծրագրերին՝ արձագանքել սեղմումներին՝ այդպիսով սարքերի վրա աշխատանքը դարձնելով ավելի բնական:

iPhone 6s-ի եւ 6s Plus-ի վրա հասանելի կլինի նոր գործառույթ՝ Live Photos անունով: Լուսանկար անելիս հեռախոսը ոչ միայն նկարն է պահում, այլեւ դրան նախորդող եւ հաջորդող վայրկյաններից կարճ տեսանյութ նկարահանում:

iPhone 6s-ը ԱՄՆ-ում կարժենա $199, իսկ iPhone 6s Plus-ը` $299: Վաճառքը կսկսվի սեպտեմբերի 25-ից եւ մինչեւ տարվա վերջ հասանելի կլինի ավելի քան 130 երկրներում:

Հսկա iPad Pro-ն

Նոր iPad-ն ունի 12.9-դյումանոց էկրան, 8-մեգապիքսելանոց iSight տեսախցիկ: Apple-ում վտահեցնում են, որ սարքն առանց լիցքավորման կարող է աշխատել 10 ժամ շարունակ: 



Apple-ը նոր պլանշետի համար ներկայացրել է նաեւ երկու աքսեսուար՝ ստեղնաշար-ծածկ, որն այն կարող է վերածել իսկական նոութբուքի եւ iPad Pencil-ը՝ նախատեսված նկարիչների, նախագծեր մշակողների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծագործել iOS սարքերով: Սմարթ մատիտը կարժենա $99:

32GB հիշողության ծավալով տարբերակը կվաճառվի՝ սկսած $799-ից, իսկ 128GB տարբերակը՝ $1079: ԱՄՆ-ում iPad Pro-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերին:

Apple TV

Նոր հեռուստացույցի հիմքում ընկած է iOS համակարգի հատուկ տարբերակը՝ tvOS: Այն կառավարվելու է հատուկ վահանակի միջոցով: Դրա միջոցով կարելի է ազդանշան տալ Siri ձայնային օգնականին, նշելով, թե այդ պահին ինչ եք ցանկանում դիտել:

Apple-ի միջացառման ժամանակ հայտարարվել է նաեւ մի քանի խաղերի գործարկման մասին, որոնք հնարավոր կլինի խաղալ Apple TV-ով: Այդ խաղերի թվում է հայկական Triada Studio-ի մշակած Shadowmatic խաղը, որն այս տարվա հունիսին արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին:

Apple TV-ում Shadowmatic-ի ներկայությանն առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: