10:14 | 08.09.15 | Հոդվածներ | exclusive 5258

«Հիբրիդ» հայագիտություն՝ 7 լեզվով

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)` 2009-ից գործող Հայկական վիրտուալ համալսարանում (ՀՎՀ) մինչ օրս կրթություն է ստացել շուրջ 4000 մարդ՝ աշխարհի 75 երկրից: 
 
Առաջարկվող օնլայն դասընթացների եւ վիրտուալ համալսարանի մյուս նորությունների մասին Itel.am-ը զրուցել է Հայկական վիրտուալ համալսարանի կրթական մասի տնօրեն Հասմիկ Խալափյանի հետ:

Հայագիտության առցանց ուսուցում

Հայոց լեզու (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), հայոց պատմություն, հայկական մշակույթ (ճարտարապետություն եւ երաժշտություն), շախմատ. վիրտուալ համալսարանում կարելի է ընտրել այս ուղղություններից մեկը:



«Դասընթացներն առաջարկվում են 7 լեզվով՝ արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն եւ թուրքերեն: Մենք ցանկացանք ներգրավել նաեւ այն մարդկանց, որոնք հետաքրքրված են հայագիտական առարկաներով, սակայն իրենց բնակավայրերում չունեն հայկական դպրոց հաճախելու հնարավորություն: Սա նաեւ այն մարդկանց համար է, որոնք ցանկանում են ուսումնասիրել հայկական մշակույթը՝ նոր տեխնոլոգիաների օգնությամբ»,- նշել է Հասմիկ Խալափյանը:

Նրա խոսքով՝ վիրտուալ կրթության իրենց փորձը ցույց է տալիս, որ հետաքրքրություն կա ոչ միայն անհատների, այլեւ Սփյուռքի դպրոցների մոտ:

«Այդպես առաջ եկավ մի նոր ծրագրի՝ հիբրիդ ուսուցման գաղափարը: Այն ավանդական եւ օնլայն ուսուցման մեթոդների եւ միջավայրի խառնուրդ է: Լավ արդյունքներ է ապահովում եւ այսօր աշխարհում շատ տարածված է»,- ասել է Հասմիկ Խալափյանը:
 
Ինտերակտիվ էլգրքեր՝ Հայաստանի մասին

Նախորդ տարի ՀՎՀ-ն սկսել է մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված էլեկտրոնային գրքերի նոր շարք թողարկել, որը նախատեսված է սմարթֆոների, պլանշետների եւ վեբ-բրաուզերների օգնությամբ կարդալու համար: Շարքի առաջին երկու գրքերն արդեն կարելի է ներբեռնել այստեղից:

Հասմիկ Խալափյանը նշել է, որ շարքը նախատեսված է լայն լսարանի համար:

«Անցած տարի թողարկեցինք մեր առաջին էլեկտրոնային գիրքը՝ «Հայկական բարձրավանդակ»: Այն անվճար հասանելի է 7 լեզվով: Էլեկտրոնային գրքեր թողարկելու միտքը հասունացավ այն ժամանակ, երբ ցանկացանք, որ մեր դասընթացներին մասնակցեն ավելի մեծ թվով մարդիկ»,- պատմել է Հասմիկ Խալափյանը:

«Օգտագործել ենք ամենաարդիական մուլտիմեդիա հնարավորությունները: Գրքերում առկա տեսողական էֆեկտներից, լուսանկարներից ու տեսահոլովակներից բացի՝ ընթերցողը հնարավորություն ունի գնահատել իր առաջընթացը ինքնագնահատման ոչ պարտադիր թեստերի (quiz) միջոցով, օգտվել հայերեն զրուցարանից եւ այլն»,- պարզաբանել է Հասմիկ Խալափյանը:

Այս տարի ապրիլին կայացել է էլեկտրոնային երկրորդ գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը: «Բացահայտենք Երեւանը» էլգրքում մուլտիմեդիա տեխնոլոգիաների օգնությամբ ներկայացված է քաղաքի պատմությունը՝ ամենավաղ շրջանից:

«Գրքում կարելի է գտնել այն ամենը, ինչը կարող է պետք գալ զբոսաշրջիկին Երեւան այցելելիս՝ ինտերակտիվ քարտեզներից մինչեւ կարեւոր հեռախոսահամարներ, թանգարանների, պատմական վայրերի եւ ռեստորանների մասին խորհուրդներ»,-պատմել է Հասմիկ Խալափյանը: 

Նշենք, որ այս շաբաթ կթողարկվի էլգրքի հայերեն տարբերակը, իսկ մինչեւ հոկտեմբերի վերջ այն արդեն հասանելի կլինի 7 լեզվով:

Նարինե Դանեղյան