09:38 | 13.08.15 | Հոդվածներ | exclusive 4174

TeachSurfing Հայաստան. Ճանապարհորդիր եւ դասավանդիր

Հայաստանը միացել է TeachSurfing հարթակին, ինչի շնորհիվ հանրապետություն այցելող ճանապարհորդներն այսուհետ կկարողանան կապ հաստատել ՀՀ կրթօջախների եւ կազմակերպությունների հետ՝ ճանապարհորդության ընթացքում իրենց գիտելիքներով հայ երիտասարդների հետ կիսվելու նպատակով:

TeachSurfing-ը կապում է «ճամփորդող տաղանդներին» տարբեր երկրների համալսարանների, դպրոցների եւ հասարակական կազմակերպությունների հետ՝ գիտելիքի եւ փորձի փոխանակման նպատակով:

Itel.am-ի հետ զրույցում TeachSurfing Հայաստանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Սարգսյանը պատմել է, որ հարթակը հիմնադրվել է ամիսներ առաջ Բեռլինում՝ 2 երիտասարդ գործարարների կողմից:

«Նրանցից մեկը Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Միգանուշ Մագարեանն է: Այսօր հարթակը գործում է 95 երկրում, ունի շուրջ 1000 մասնակից teachsurfer-ներ, 102 հյուրընկալ գործընկերներ եւ 310 շահառու ուսանողներ: Այս տարի Teachsurfing-ի համայնքը պատրաստվում է կենտրոնանալ Հայաստանի վրա՝ վերջինիս առավելությունները ներկայացնելով հյուրերին»,- տեղեկացրել է Մարիամ Սարգսյանը, հավելելով, որ սա լավ հնարավորություն է հանդիպել տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր մարդկանց հետ, եւ ծանոթանալ նրանց փորձին: 

Նրա խոսքով, Հայաստանի՝ հարթակին միանալուց անմիջապես հետո ստեղծվել է տեղական թիմ, որը փորձելու է նախաձեռնությունը զարգացնել հանրապետությունում:
 
Teachsurfer դառնալով` հնարավորություն է ընձեռնվում ոչ միայն այցելել տվյալ շրջան, այլեւ փորձով եւ գիտելիքներով փոխանակվել տեղացիների հետ:

TeachSurfing-ում կարելի է նաեւ հանդես գալ որպես հյուրընկալող: Դրա համար հարթակում հարկավոր է գրանցել կազմակերպչի (organization) էջ` նկարագրելով, թե ինչով եք զբաղվում եւ ինչ եք ցանկանում, որ ձեր շրջան այցելող Teachsurfer-ները ձեր մոտ դասավանդեն: Սրան հաջորդում է վերջիններիս որոնումը եւ հյուրընկալումը:

Մարիամ Սարգսյանը հավելել է, որ վերջերս ծրագրի շրջանակում Գետամեջ գյուղ էին այցելել գերմանացի ճանապարհորդներ: Նրանք տեղի աշակերտների խմբի հետ կազմակերպել էին սպորտային խաղեր եւ թիմային աշխատանքին նվիրված վարժություններ:

Նարինե Դանեղյան