15:38 | 02.09.15 | Նորություններ | 6417

Չորրորդ «Թումո»-ն բացվել է Արցախում

Այսօր՝ Լեռնային Ղարաբաղի անկախության օրը, Ստեփանակերտում կայացել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, կենտրոնի բացմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Կենտրոնը բացվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ: Այստեղ սովորելու է շուրջ 500 պատանի:

ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաեւ կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ «Թումո»-ի հետ համագործակցության շրջանակում: ԼՂՀ կառավարությունը տրամադրել է տարածք Ստեփանակերտի կենտրոնական հատվածում գտնվող պատմական շենքում:

Շինության վերանորոգումն իրականացրել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:
Հիշեցնենք, որ առաջին «Թումո»-ն («Թումո Երեւանը») ստեղծվել է Սեմ եւ Սիլվա
Սիմոնյանների  նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից եւ իր դռներն է բացել 2011թ. օգոստոսի 14-ին:
Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաեւ Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի):
Այս տարվա մայիսին իր դռներն է բացել նաեւ Գյումրիի «Թումո»-ն: