14:54 | 24.08.15 | Նորություններ | 3874
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է տարբեր երկրներից ժամանած, 20-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, որոնք միջինը չորս ամիս շարունակ կամավորական սկզբունքով իրենց մասնագիտական հմտություններն են կիրառում ՀՀ տարբեր համայնքներին օժանդակելու համար:
Կամավորներին ընդունել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը հյուրերին ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, ինչպես նաեւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընկերության կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը:
«Օգտագործեք երիտասարդ տարիքին հասանելի հնարավորությունները՝ բաց եղեք նորը տեսնելու, այն զարգացնելու եւ երկրի առաջխաղացմանը նպաստելու մարտահրավերի առջեւ: Պարզապես ձեռք մեկնեք ձեր հայրենակիցներին փոքր գործեր անելով: Այս կերպ դուք կարող եք հարստանալ հոգեպես, կյանքի փորձ ձեռք բերել եւ այս կերպ՝ փոխել աշխարհը: Հիշեք, որ դուք Հայաստանի դեսպաններն եք աշխարհի տարբեր երկրներում եւ լավագույն օրինակը՝ձեր երեխաների համար»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը՝ ողջունելով ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից եւ Կանադայից ժամանած կամավորներին:
«Դեպի Հայք» ծրագիրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, 2004-ից կազմակերպել է 37 երկրից ժամանած ավելի քան 1000 հայ երիտասարդների կամավորական նախաձեռնությունների մասնակցությունը ՀՀ տարբեր մարզերում: