13:05 | 21.08.15 | Նորություններ | 4142
Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագիրը, որի հերթական փուլի շրջանակում սահմանամերձ 6 գյուղերից 30 երեխա կայցելի Երեւան:
Ինչպես հաղորդում են ԱրմենՏել ընկերության լրատվական ծառայությունից, այս փուլում Երեւան կժամանեն այն երեխաները, ովքեր առաջին փուլում հաճախել էին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
«Երիտասարդներին ուղղված սոցիալական ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ուրախ ենք, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ, այլ նաեւ այցելելու եւ բացահայտելու նոր վայրեր՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սահմանամերձ համայնքներում երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները սահմանափակ են. նման դասընթացների շնորհիվ նրանք կարողանում են ոչ միայն հետաքրքիր առարկաներ ուսումնասիրել, այլեւ ձեռք բերել ժամանակակից եւ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ, ինչն ապագայում նրանց հնարավորություն կտա մնալ հարազատ գյուղերում»,- ասել է «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:
Նշենք, որ Beeline-ը եւ «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից: 2015-ին «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ մասնակցել են Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դասընթացներին:
«Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի նախորդ փուլի մասին կարող եք կարդալ այստեղ: