12:46 | 21.07.15 | Նորություններ | 4270

Truthly-ն՝ արդեն նաեւ վեբ տարբերակով

Այսօր գործարկվել է Truthly.me կայքը, որը հնարավորություն է տալիս անկեղծ եւ անանուն «խոստովանություններ» անել ընկերներին:

Simply Technologies ընկերությունը այս տարվա մայիսին գործարկել էր նաեւ Truthly մոբայլ հավելվածի iOS տարբերակը:

«Վեբ կայքի գործարկումը iOS հավելվածի տրամաբանական շարունակությունն էր: Այն 2 ամիսների ընթացքում, ինչ գործում է հավելվածը, մենք դրա հանդեպ հետաքրքրության հսկայական աճ ենք նկատում ՝ հատկապես ասիական որոշ երկրներից, իսկ iPhone կամ iPad, ցավոք, ունեն ոչ բոլորը»,- ասել է նախագծի հիմնադիրներից Հրաչյա Մանուկյանը:
 
Truthly-ում նշել են, որ շուտով հարթակը կվերազինվի նոր հնարավորություններով:

«Շուտով Truthly-ում հնարավոր կլինի ստեղծել խմբեր եւ այդ խմբերի ներսում անանուն քննարկումներ իրականացնել: Սա ճկուն համակարգ է, որն ընկերություններին հնարավորություն կտա, օրինակ, ստեղծել իրենց ընկերության խումբը հարթակում եւ ստանալ անկեղծ, ոչ ուշացած հետադարձ կապ՝ ընկերության աշխատակիցներից: Սա խումբ ստեղծելու ընձեռած հնարավորություններից մեկն է միայն: Նոր փոփոխություններից է նաեւ այն, որ այսուհետ շրջապատից կարծիք խնդրելիս հնարավոր է դնել «1 մարդ-1 կարծիք» սահմանափակումը, որը, փաստորեն, կարող է անկեղծ, անանուն քվեարկության դեր խաղալ»,- ասել է Truthly-ի հիմնադիրներից Ալեքսանդր Ադամյանը:

Ներկայում կայքը եւ մոբայլ հավելվածը հասանելի են միայն անգլերենով:

Truthly.me-ի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ: