17:09 | 09.07.15 | Նորություններ | 3936

Orange-ի աջակցությամբ Տավուշում բացվել է Հայկական ակնաբուժության տարածաշրջանային կենտրոնը

Orange-ի ներկայացուցիչները Տավուշի մարզում են, որտեղ տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) ակնային տարածաշրջանային կենտրոնի բացումը:

Օրանժ Արմենիան կենտրոնին տրամադրել է տեղական եւ միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծում, որը հնարավորություն է տալիս կենտրոնում իրականացվող վիրահատություններն անցկացնել ՀՀ եւ միջազգային փորձառու մասնագետների վերահսկողությամբ՝ Իջեւանի կենտրոնից իրական ժամանակում տեսակապ հաստատելով Երեւանի հետ։

«Նորարարությունը մշտապես կարեւոր տեղ է զբաղեցրել մեր ռազմավարությունում: Շուկա մուտք գործելու պահից Orange-ը առավելագույն ջանքերն է գործադրել ՀՀ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության, եւ կրթության, ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորարարական լուծումներ ներդնելու ուղղությամբ: Այսօր ուրախ ենք մեր գործընկերների հետ միասին մասնակցել ՀԱՆ-ի` երկար սպասված ակնային տարածաշրջանային կենտրոնի բացմանը, եւ հպարտ ենք տեղական ու միջազգային որակյալ կապ ապահովող մեր նորարար տեխնիկական լուծման շնորհիվ նպաստել այս տարածաշրջանում որակյալ ակնաբուժական ծառայությունները բնակչությանն ավելի հասանելի դարձնելու կարեւոր գործին»,- ասել է Օրանժ Արմենիայի  գործադիր խորհրդի անդամ Արսեն Հովհաննիսյանը:

Orange Հիմնադրամը ՀԱՆ-ի հետ համագործակցում է 2011-ից: Այս ընթացքում «Լույս հայի աչքերին» նախագծի շրջանակում հայկական մարզերում որակյալ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան 68 հազ. բնակիչ, իսկ Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է շուրջ 6000 վիրահատություն եւ լազերային բուժում: