Synergy Հայաստանի վերահսկման եւ գնահատման գծով տնօրեն Դավիթ Քոչարովը
Synergy Հայաստանի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Աննա Ստեփանյանը
11:36 | 09.07.15 | Նորություններ | exclusive 6592
«Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամը հուլիսի 6-ին այցելություն էր կազմակերպել էր Synergy International Systems ամերիկյան ընկերության հայաստանյան մասնաճյուղ:
Ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Synergy-ի գործունեությանը, ինչպես նաեւ ընկերությունում առկա կարիերայի հնարավորություններին: Synergy-ի աշխատակիցները պատասխանել են ներկաների հարցերին:
«Վերադարձ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը Itel.am-ի հետ զրույցում ասել է, որ յուրաքանչյուր ամիս կազմակերպում են Meet & Greet կոչվող իրադարձությունը, որի շրջանակում հայրենադարձներին, պոտենցիալ հայրենադարձներին, ինչպես նաեւ տեղացի պրոֆեսիոնալներին միմյանց հանդիպելու եւ փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռնվում:
«Վերջերս սկսել ենք ավելի շատ հանդիպումներ կազմակերպել այն ընկերությունների գրասենյակներում, որոնք կարող են պոտենցիալ գործատուներ դառնալ մեր հայրենադարձների համար: Synergy Հայաստանում կայացած հանդիպմանը մասնակցել են հայեր Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից եւ Արաբական Միացյալ էմիրություններից»,- նշել է Վարդան Մարաշլյանը:
«Սա լավ հնարավորություն է՝ հանդիպելու Հայաստանից մեր պրոֆեսիոնալ գործընկերների հետ եւ քննարկելու Հայաստանում հետագա աշխատանքային/բիզնես հնարավորությունները: Synergy-ն, լինելով միջազգային բիզնես, խրախուսում է փորձի փոխանակումը, որը կարող է ծառայել մասնագետների՝ Հայաստան հայրենադարձմանը»,- Itel.am-ին ասել է Synergy Հայաստանի վերահսկման եւ գնահատման գծով տնօրեն Դավիթ Քոչարովը:
Ավելի քան 55 երկրներում ծրագրային լուծումներ առաջարկող Synergy International Systems ամերիկյան ընկերության հայաստանյան մասնաճյուղը գործում է 1999-ից:
Ընկերությունում ներկայում աշխատում է շուրջ 150 մասնագետ` համակարգչային ծրագրավորման, համակարգերի վերլուծության եւ ինտեգրման, ցանցային կառավարման, որակի երաշխավորման եւ գործարար վերլուծության ոլորտներում: