11:00 | 22.06.15 | Նորություններ | 3536

Dasaran-ը նվիրատվության արշավ է նախաձեռնել

Dasaran կրթական ծրագիրը եւ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ նվիրատվության արշավի իրականացմամբ:

Ինչպես նշել են Dasaran-ում, նվիրատվության արշավը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանում եւ Արցախում կրթական ոլորտի բարեփոխմանը, այլընտրանքային կրթությունը բոլորին հասանելի դարձնելուն, կրթական-ինտելեկտուալ նոր խաղեր ստեղծելուն, Dasaran կրթական ծրագրի տրամադրած ծառայություններից անվճար օգտվելու հնարավորության շարունակականությանը:

Արշավն ուղղված է նաեւ կրթական նոր ծրագրեր իրականացնելուն, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային համընդհանուր ուսուցչանոցի ստեղծմանը, աշակերտների հմտությունների զարգացմանը, էլեկտրոնային վիճակագրական գործիքի մշակմանը:

Էլեկտրոնային գործիքը հնարավորություն կտա պարզելու, թե ՀՀ տվյալ մարզում սովորող աշակերտների ընդհանուր առաջադիմությունը որքան է կազմում՝ համեմատած ՀՀ մյուս մարզերի հետ, ինչպիսինն է աշակերտների ընդհանուր զարգացվածությունը՝ մաթեմատիկակա՞ն, թե՞ հումանիտար ուղղվածությամբ, տվյալ մարզում սովորող աշակերտների շրջանում ո՞ր առարկայի իմացության մակարդակն է առավել բարձր եւ այլն: