12:43 | 19.06.15 | Նորություններ | 1937

Երեւանում մեկնարկել է 8-րդ ԴիջիԹեքը

Այսօր Երեւանում մեկնարկել է 8-րդ ԴիջիԹեք երկօրյա բիզնես ֆորումը, որի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Ֆորումին մասնակցում է ՏՏ, բիզնեսի եւ պետական կառավարման ոլորտի շուրջ 70 ընկերություն:

Ֆորումի բացմանը ներկա՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կառավարությունը լինելու է ՏՏ ոլորտի զարգացման աջակիցը եւ գործընկերը:

«2014թ. ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում արդեն այս տարվանից ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Մենք հետեւողական ենք ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում»,- ասել է վարչապետը:

Նա շրջել է ֆորումին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, ծառայություններին եւ նոր գաղափարներին:

«Կան հայաստանյան մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, որոնք արդեն լուրջ հաջողությունների են հասել: Ցանկանում ենք այդ հաջողությունները ցույց տալ մյուսներին՝ դրանով խրախուսելով, որ վերջիններս տեխնոլոգիաներն օգտագործեն իրենց բիզնեսի զարգացման համար: Վարչապետը մի շարք ընկերությունների հետ պայմանավորվել է առանձին գերատեսչություններում եւ կառավարությունում հանդիպումների մասին, ինչը ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնել իրենց խնդիրները»,- ասել է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Այս տարի առաջին անգամ ֆորումի շրջանակում տեղի է ունենալու Դիջիբիզնես մրցանակաբաշխությունը՝ նախատեսված տեխնոլոգիական լուծումներ կիրառած ոչ ՏՏ ընկերությունների համար: