15:09 | 17.06.15 | Նորություններ | 1366
Հունիսի 20-ին կայանալիք 8-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում առաջին անգամ կանցկացվի «Դիջիբիզնես» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում 10 անվանակարգերում մրցանակների կարժանանան իրենց գործունեությունում հաջողությամբ տեխնոլոգիական լուծումներ կիրառած ոչ ՏՏ ընկերությունները:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը` բիզնես ֆորումին կանխատեսելով ավելի քան 3000 այցելուի մասնակցություն:
Խոսելով այն մասին, թե ինչու են ՏՏ լուծումները դժվարությամբ մուտք գործում ՀՀ տնտեսության այլ ոլորտներ, Հայկ Չոբանյանն առանձնացրել է մի քանի պատճառներ:
«Առաջին հերթին՝ տեխնոլոգիաների ներդրումը պարունակում է որոշակի ռիսկեր: Եվ ընկերությունները, գնահատելով այդ ռիսկերը, որոշակի զգուշավորությամբ են մոտենում նման ներդրումներին: Դա նաեւ որոշակի ներդրումներ է պահանջում ընկերություններից, եւ ոչ բոլորն են պատրաստ դրան: Կարեւոր հանգամանք է նաեւ էլեկտրոնային գրագիտությունը, ինչն այսօր մեր երկրում այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ»,- ասել է Հայկ Չոբանյանը:
Անդրադառնալով ֆորումին ստարտափների մասնակցությանը՝ ԻՏՁՄ փոխտնօրենն ասել է, որ իրենք հատուկ զեղչեր են տրամադրել, որպեսզի ստարտափները եւս կարողանան ներկայանալ:
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, իր հերթին, նշել է, որ ֆորումը կարեւոր հարթակ է ՏՏ ոլորտի եւ բիզնեսի՝ միմյանց հետ շփվելու համար:
«Ֆորումի ընթացքում հնարավոր կլինի լավագույնս ցուցադրել ՏՏ ոլորտի բոլոր այն լուծումները, որոնք ունեն հայկական ընկերությունները եւ միաժամանակ ծանոթանալ այն խնդիրներին, որոնք առկա են բիզնեսի մոտ՝ առաջարկելով համապատասխան լուծումներ»,- ասել է նա:
Ֆորումի ընթացքում ցուցահանդեսային հատվածից բացի, կլինեն մասնագիտական քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար, տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար, էլեկտրոնային կառավարում, տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար, տեխնոլոգիական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի համար, ՏՀՏ եւ նորարարական տեխնոլոգիաները բժշկության եւ առողջապահության ոլորտում եւ կիբեր անվտանգություն: