16:51 | 15.06.15 | Նորություններ | 3757

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորած «Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի հուլիսի 12-ին

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության, փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ մամուլի ասուլիսով այսօր ազդարարել է փառատոնի 12-րդ մեկնարկը:

«Արվեստն այն հզոր ուժն է, որն ի զորու է փոխել աշխարհը, մարդկանց գիտակցությունը, արժեհամակարգը: Արվեստը թերեւս ամենաազդեցիկ միջոցն է միմյանց ճանաչելու, հասկանալու, հարգելու, եւ, հետեւաբար, խաղաղ համագոյակցություն ապահովելու համար: Կինոն արվեստի հզորագույն ուղղություններից մեկն է` արտահայտչամիջոցների ավելի լայն հնարավորությունների եւ ավելի մեծ լսարանի շնորհիվ: Արդեն տասներկու տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հայ կինոսեր հասարակությունը հնարավորություն է ստանում զգալու ժամանակի շունչը, տեսնելու համաշխարհային արվեստի զարգացման միտումները եւ ուղղությունները, հաղորդակից դառնալու այլ երկրների մշակույթին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է մշակութային այս նշանակալի իրադարձության ստեղծման եւ զարգացման հարցում իր շարունակական ներդրումն ունենալու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնն այս տարի կանցկացվի  հուլիսի 12-19-ը:

Լրագրողներին եւ հյուրերին ներկայացվել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝

•    Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)
•    Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)
•    «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
•    Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզեւ (Բուլղարիա)

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ 105 երկրից:

12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում կիրականացվի Մեծ եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» եւ «Այլեւս երբեք»:

Փառատոնի օրերին կկայանա նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, եւ որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: