12:47 | 09.06.15 | Նորություններ | 911

Apple-ի նորույթները՝ մեկ վայրում

Սան Ֆրանցիսկոյում ընթացող՝ Apple-ի Worldwide Developers համաժողովի (WWDC) շրջանակում ընկերությունը նախօրեին ներկայացրել է մի շարք նորություններ:

Itel.am-ն առանձնացրել է Apple-ի գլխավոր նորությունները:

Նորացված iOS, Mac OS X եւ watchOS

Ներկայացվել են iOS եւ Mac OS X օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակները:

iOS 9-ի նորացված տարբերակում բարելավվել են անվտանգության եւ արտադրողականության գործառույթները, ինչպես նաեւ ավելացել է նոր Proactive ծառայությունը: Այն վերլուծում է գաջեթի սեփականատիրոջ գործողությունները, նրա գտնվելու վայրը եւ այլ տեղեկություններ՝ դրանց հիման վրա տրամադրելով օգտակար խորհուրդներ:

iOS 9-ում գործարկված նոր՝ Move to iOS app-ը Android-ի օգտատերերին թույլ կտա օգտվել Apple-ի սարքավորումներից: Հավելվածը թույլ կտա «տեղափոխել» կոնտակտները, հաղորդագրությունների պատմությունը, լուսանկարները, տեսանյութերը, էլփոստը, երգերը եւ այլն:



Հավելվածը ձեր Android սարքավորման մեջ առկա հավելվածների հիման վրա կառաջարկի համանման հավելվածներ՝ iOS սարքավորման համար:

Նշենք, որ հավելվածը դեռեւս հասանելի չէ Play Store-ում:

Ինչ վերաբերում է Mac համակագիչների համար նախատեսված OS X օպերացիոն համակարգին, ապա վերջինիս թարմացված տարբերակը կոչվում է El Capitan:

Վերջինիս նորացված ծառայությունների թվում արժե հիշատակել արագությունը. այսուհետ հավելվածներն աշխատում են 1.4 անգամ ավելի արագ: Նոր տարբերակի թարմացումն անվճար է, այն հասանելի կլինի արդեն հուլիսին:
 
Թարմացվել է նաեւ շուրջ 6 շաբաթ առաջ շուկայում հայտնված Apple Watch-ի համար նախատեսված watchOS օպերացիոն համակարգը:

Apple Music-ը հասանելի կլինի հունիսի 30-ից

Apple-ը ներկայացրել է հեռարձակվող երաժշտական նոր ծառայություն՝ Apple Music: Այն թույլ է տալիս օգտվել iTunes-ի շտեմարանից՝ առանց երաժշտական կատարումները ներբեռնելու:

Նոր ծառայությունը ներառում է շուրջօրյա ռադիոկայան եւ «հաղորդակցվել»-ու ծառայություն, որտեղ երաժիշտներն ու երգիչները կարող են կապ հաստատել երկրպագուների հետ:

Apple-ի երաժշտական կոնտենտի ունկնդրման ծառայությունը հասանելի կդառնա հունիսի 30-ին: Այն կգործարկվի աշխարհի ավելի քան 100 երկրներում: Հավելվածը վճարովի է՝ ամսական $9,99՝ 3 ամիս անվճար փորձարկելու հնարավորությամբ:

Հավելվածը հասանելի կլինի ինչպես Apple-ի սարքավորումներ ունեցողների, այնպես էլ Android գաջեթների սեփականատերերի համար (վերջիններիս համար ծրագրի մեկնարկը նախատեսվում է աշնանը):

Swift ծրագրավորման լեզուն՝ open source

Swift ծրագրավորման լեզվի թարմացված տարբերակը կկոչվի Swift 2: Ընկերությունում խոստացել են, որ ծրագրավորման լեզուն open source տարբերակով հասանելի կլինի առաջիկա շաբաթներին: