16:11 | 08.06.15 | Նորություններ | 4455
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ դուստր ընկերությունը՝ ՄոբիԴրամ-ը, ավարտել են համատեղ նախագծերից մեկի՝ վճարային տերմինալների միջոցով ինքնասպասարկման ծառայությունների մատուցման ծրագրի առաջին փուլը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրվել է վճարային 50 տերմինալ: Դրանցից 23-ը սպասարկելու են մայրաքաղաքի, իսկ 27-ը՝ մարզերի բնակիչներին՝ ընդգրկելով Հայաստանի ամբողջ տարածքը:
Տեղադրված տերմինալների միջոցով հաճախորդը կարող է վճարել բջջային կապի ծառայությունների, կոմունալ ծախսերի, արբանյակային եւ կաբելային հեռուստատեսության եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց:
Վճարային տերմինալների օգնությամբ հնարավոր է նաեւ համալրել ՄոբիԴրամ բջջային դրամապանակը: Մատուցվող ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է:
«Տեխնիկայի հնարավորությունը կարիքներին ծառայեցնելը հզոր գործիք է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր դուստր ընկերության՝ ՄոբիԴրամ-ի հետ, ձգտում է արագ արձագանքել հաճախորդների պահանջներին: Ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի մեր հայրենակիցներին նոր լուծումներ առաջարկելը, սպասարկման բարձր որակ եւ հարմարավետ պայմաններ ապահովելը եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում: ՄոբիԴրամը թույլ է տալիս որպես այդպիսի տարբերակ օգտագործել եւ՛ բջջային հեռախոսը, եւ՛ առաջարկվող տերմինալը: Ի՞նչ կտա դա հաճախորդին. ժամանակի խնայողություն, ֆինանսական միջոցները կառավարելու հմտություն, անհրաժեշտ գործարքներն իրեն հարմար ժամանակահատվածում եւ վայրում իրականացնելու պարզ մեխանիզմ եւ այլն: Անակնկալները շարունակական են լինելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: