14:59 | 27.05.15 | Նորություններ | 3879

Beeline-ը եւ Յունիբանկն ընդլայնում են համագործակցությունը

Beeline-ը եւ «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում են սպառողական վարկավորման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին:

Ծրագրի շրջանակում Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում տեղակայվել են Յունիբանկի տաղավարներ, որտեղ բանկի կողմից հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցներն ընդունում են սպառողական վարկերի տրամադրման դիմումներ հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ եւ Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Յունիբանկի տաղավարներ գործում են թվով 7 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում Երեւանում, Արտաշատում, Սեւանում եւ Էջմիածնում: Beeline-ի հաճախորդները Յունիբանկի տաղավարներում կարող են ստանալ 30 հազ. դրամից մինչեւ 1 մլն դրամ արժողությամբ վարկեր: 

«Յունիբանկի հետ համատեղ ծրագիրը համահունչ է Beeline-ի «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարությանը: Այժմ վարկերի ձեւակերպման գործընթացն ավելի է պարզեցվել մեր հաճախորդների համար: Բանկի որակավորված մասնագետները կօգնեն այդ ամենն իրականացնել տեղում՝ էականորեն խնայելով բաժանորդների ժամանակը: Այս նախաձեռնությունն արդեն լայն տարածում ունի, ինչ թույլ է տալիս ենթադրել մեր գրասենյակներում բանկի տաղավարների հետագա ընդլայնման մասին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սպառողական վարկավորման ոլորտում Յունիբանկի հաջող գործունեության գրավականը հաճախորդամետ մոտեցումն է: Հայաստանում Beeline-ի հետ երկարաժամկետ եւ հաջող համագործակցությունը եւ վաճառքի գրասենյակներում բանկի տաղավարների առկայությունը հնարավորություն տվեց վարկերի ձեւակերպման գործընթացը հաճախորդների համար դարձնել առավելագույնս արագ եւ հարմարավետ: Վարկը Յունիբանկի կողմից հաստատվում է բառացիորեն մեկ րոպեի ընթացքում: Մենք շարունակում ենք զարգացնել համագործակցությունը եւ արդեն հունիսին կտեղադրենք նոր տաղավարներ Երեւանում, Արտաշատում եւ Էջմիածնում գտնվող Beeline գրասենյակներում»,- ասել է «Յունիբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, վաճառքի եւ մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: 

Յունիբանկի տաղավարների միջոցով արդեն իսկ տրամադրվել է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ապառիկով վաճառված սարքավորումների ընդհանուր թվի 10%-ը: