09:50 | 27.05.15 | Նորություններ | 4252

«Մայքրոսոֆթ»-ը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում

ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ նախօրեին ստորագրվել են ՀՀ-ում ՏՏ զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության եւ նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:

Համաձայնագրերով նախատեսվում է նաեւ Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի հենքով ՀՀ-ում «ամպային» եւ բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, որը հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով «Մայքրոսոֆթ»-ի նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը:

«Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համագործակցությունը, որն սկիզբ է առնում դեռեւս 2007-ից, երբ ստորագրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը, ինչի արդյունքում ապահովվում է համաշխարհային առաջատար ընկերության կուտակած գիտելիքների եւ փորձի հասանելիությունն ու կիրառումը Հայաստանում«- ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա հատկապես կարեւորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Մայքրոսոֆթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը եւ ՀՀ կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթների տրամադրումը:

«Մեր համագործակցության առաջին համաձայնագիրն ստորագրեցինք Շոտլանդիայում, որին մասնակցեց ընկերության հիմնադիր եւ նախագահ պարոն Բիլ Գեյթսը: Այդ ժամանակ էլ Հայաստանում բացվեց մեր գրասենյակը, որին մասնակցեց նախկինում իմ պաշտոնն զբաղեցրած հայազգի Վահե Թորոսյանը: 2011թ. համագործակցության նույն պայմանագրի շրջանակում մենք համատեղ բացեցինք «Մայքրոսոֆթ»-ի առաջին նորարարական կենտրոնը, որն այսօր համաշխարհային մակարդակով ամենաազդեցիկ եւ արդյունավետ գործող կենտրոններից է»,- իր հերթին ասել է «Մայքրոսոֆթ»-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը:

Նա հավելել է, որ նոր համաձայնագրերի ստորագրման արդյունքում Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի գործունեությունն էլ ավելի ազդեցիկ կդառնա:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ ասել է, որ այս համաձայնագիրը «կարեւոր եւ հնչեղ ուղերձ է պարունակում. «Հայաստանը ցանկանում է բիզնեսը ծավալել ճիշտ ճանապարհով`պահպանելով իրավունքի գերակայությունը եւ հարգելով մտավոր սեփականության իրավունքները»:

ՀՀ կառավարության անունից համագործակցության հուշագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Լիցենզավորման պայմանագրերը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Տվյալների անվտանգության ծրագիրն ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Համաձայնագրերի ստորագրմանը նախորդել էին «Մայքրոսոֆթ»-ի պատվիրակության հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: