10:54 | 25.05.15 | Նորություններ | 1406

Գյումրիում տեխնոլոգիական 29 թիմ մրցում է դրամաշնորհի համար

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում այսօր մեկնարկել է Գյումրիի եւ Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը, որին մասնակցում են 29 թիմեր եւ ընկերություններ:

Մրցույթը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Հիմնադրամում նշել են, որ դրամաշնորհների քանակը սահմանափակ չէ: Այն բոլոր թիմերը, որոնց ծրագրերը հավանության կարժանանան գնահատող հանձնաժողովի կողմից, կստանան դրամաշնորհ: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն մայիսի 25-ին՝ ժամը 18։00-ին, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, խթանել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ստեղծումը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում։

Հիմնադրամում նաեւ ընդգծել են, որ մրցույթը Գյումրի եւ Վանաձոր քաղաքների մասնագետներին հնարավորություն է ընձեռում ապրել ու աշխատել իրենց քաղաքում եւ, միաժամանակ, դուրս գալ միջազգային ասպարեզ ու գտնել գործընկերներ, հաճախորդներ: Մրցույթի մյուս կարեւոր հատկանիշն այն է, որ ուղղորդում է երեւանյան եւ այլ մարզերի թիմերին ու ընկերություններին դեպի Գյումրի եւ Վանաձոր՝ օգտագործելով այս քաղաքների տեխնոլոգիական կենտրոնների հնարավորությունները։

Գյումրիի եւ Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 2-րդ փուլի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: