15:19 | 19.05.15 | Նորություններ | 4210

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Խաչիկ գյուղում տուն է կառուցվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մասնակցել են Բաբաջանյանների կիսակառույց տան շինարարությանը, կատարել բետոնապատման աշխատանքներ:

«Մի եղիր անտարբեր: Շուրջ տասը տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ոչ պատահականորեն,  առաջնորդվում է այս կարգախոսով: Անտարբերությունը չարիք է ծնում, իսկ հոգատարությունը՝ սեր, հավատ, ուժ, ապրելու եւ ստեղծագործելու մեծ ցանկություն: Այսօր, առավել քան երբեւէ՝ այդ մոտեցումը կարեւոր է մեր ազգի համար: Անհաշտ հարեւանի հետ երկար սահմանագիծ ունեցող երկրի բնակիչը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում էլ կանգնած մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել եւ ամրացնել լավ ապագայի հավատը: Քարը քարին դնել պատրաստվող կամավորների այս խումբն այդ հավատը սերմանելու համար է նաեւ այստեղ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ես հեքիաթների չեմ հավատում, բայց սա իսկական հեքիաթ է: Քանի տարի է՝ ընտանիքս ապրում է այս կիսակառույց տան խոնավ ու մութ նկուղում՝ առանց տարրական հարմարությունների: Հիմա, երբ տեսնում եմ, որ տուն ունենալու իմ համառ ու անիրական թվացող երազանքը աչքիս առաջ իրականություն է դառնում, ինչպե՜ս չհավատամ հեքիաթներին»,- ասել է ընտանիքի հայրը՝ Գագիկ Բաբաջանյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ սահմանամերձ Խաչիկ գյուղում 2008թ. 4 տուն է  կառուցվել եւ վերանորոգվել:

Հայաստանի տասը մարզում այս տարի բնակարանաշինության ծրագրով կվերանորոգվի եւ ավարտին կհասցվի 40 տուն: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014թ.՝ 55մլն դրամ):