16:45 | 04.05.15 | Նորություններ | 3572

Orange-ն ամփոփել է «Դեպի Կանն 2015» վիդեոմրցույթի արդյունքները

Orange-ն այսօր ամփոփել է «100 տարվա վերածնունդ» խորագրի ներքո անցկացվող «Դեպի Կանն 2015» վիդեոմրցույթի արդյունքները:

Գուրգեն Եղյանը, որի հեղինակած տեսանյութը ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում լավագույն 15 տեսանյութերի շարքում էր եւ արժանացել էր ժյուրիի բարձր գնահատականին, հնարավորություն է ստացել դառնալու Orange-ի պատվավոր հյուրը Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնում:

Գուրգենին հանձնված մրցանակը դեպի Կանն ուղեւորության ամբողջական փաթեթ է՝ երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար «Մաջեսթիկ» հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ եւ մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով՝ աշխարհահռչակ կինոաստղերի հետ միասին: Գուրգենն իր ընտրած ուղեկցի հետ կմասնակցի փառատոնի՝ մայիսի 20-ի ցուցադրմանը:

«Այս տարին մեծ կարեւորություն ունի աշխարհի բոլոր հայերի համար: Հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին՝ մեզ համար շատ կարեւոր էր նաեւ մյուս կողմից ցույց տալ վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի վերածնունդն ու զարգացումը: Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց կարճ ֆիլմերով արտահայտել են իրենց զորակցությունը, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն քվեարկել են նախընտրած տեսանյութերի օգտին: Մեծ հետաքրքրությամբ եւ հուզմունքով ենք դիտել այս երիտասարդների հեղինակած ֆիլմերը. երիտասարդներ ովքեր հենց իրենք խորհրդանշում են Հայաստանի վերածնունդը»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 30 տեսանյութ:

Առավելագույն քվե ստացած մյուս 14  տեսանյութերի հեղինակները ստացել են մեկ ամսվա ընթացքում իրենց ընտրած անձի հետ «Մոսկվա» կինոթատրոն անսահմանափակ այցելելու հնարավորություն: