17:13 | 22.04.15 | Նորություններ | 2551
Ապրիլի 21-ի երեկոյան Փարիզի Շատլե թատրոնի համերգասրահում տեղի է ունեցել «100 տարվա հիշողություն» համերգը:
«Orange Հիմնադրամ»-ի աջակցությամբ ուղիղ եթերով այն հեռարձակվել է նաեւ Հայաստանում: Համերգին աջակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը:
«Մեզ համար շատ կարեւոր էր աջակցել Փարիզն ու Երեւանը կապող այս կամուրջի կայացմանը՝ ներգրավելու հնարավորինս մեծ թվով հանդիսատեսների, քանի որ այս համերգը ոչ միայն հիշատակում եւ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, այլեւ խորհրդանշում է Եվրոպայի եւ Հայաստանի միասնականությունը: Նախաձեռնությունը հաջողվել է, քանի որ երկու դահլիճն էլ լեփ-լեցուն էին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Orange-ի տեխնիկական թիմին, քանի որ ինչպես նկատեց երեւանյան հանդիսատեսը՝ հեռարձակումն իրականացվեց գերազանց որակով»,- ասել է «Orange Հիմնադրամ»-ի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Նա հիշեցրել է, որ հայ հանդիսատեսը համերգը դիտելու եւս մեկ հնարավորություն ունի. այն կցուցադրվի ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենիա» հեռուստաալիքի եթերում: Բացի այդ՝ համերգի տեսանյութն առաջիկա օրերին տեղադրված կլինի այս կայքում:
«100 տարվա հիշողություն» համերգը կազմակերպել էր Ֆրանսիայի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Համերգին մասնակցել են աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից բաղկացած եւ հատուկ այս միջոցառման համար ստեղծված Armenian World Orchestra նվագախումբը, ինչպես նաեւ Գյուլբենկյան երգչախումբը: