15:52 | 13.04.15 | Նորություններ | 3546
Beeline-ի աշխատակիցները մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին, տնկել ծառեր եւ աղբից մաքրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը:
«Beeline-ը մշտապես ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին, բնապահպանական, կանաչ տարածքների եւ քաղաքային այգիների բարեկարգմանն ու մաքրմանն ուղղված միջոցառումներին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ունենալ իր ներդրումը. մեր աշխատակիցները զբաղվում են հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգմամբ, իսկ ընկերության ղեկավարությունը բոլոր աշխատակիցներին տրամադրել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհրդանիշ հանդիսացող անմոռուկներ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը հիշեցնում է, որ ընկերությունը 2013թ. ճանաչվել է որպես ամենապատասխանատու բնապահպանական կազմակերպություն` «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» մրցույթի շրջանակում: 2014 թ. Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից ճանաչվել է որպես էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն եւ ստացել հավաստագիր Հայաստանում «Կանաչ տնտեսության» խթանման, լավագույն փորձի, «կանաչ» ծրագրերի իրականացման եւ դրանց շարունակական աջակցման համար։