11:53 | 13.04.15 | Նորություններ | 5562
Ապրիլի 10-11-ը Ծաղկաձորում «Յուքոմ»-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Մեդիա եւ տեղեկատվական անվտանգության» ֆորում:
«Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առավել մեծանում են եւ արդիական են դառնում կիբերանվտանգության խնդիրները: Քանի որ մոտակա օրերին տեղեկատվական անվտանգության խնդիրը պետք է լինի գերակա բոլորի համար, այս միջոցառումը եւս մեկ առիթ է քննարկելու եւ հանրության ուշադրությունը սեւեռելու այդ խնդրի վրա»,- միջոցառման բացմանն ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Ֆորումի ընթացքում քննարկվել են համացանցում տարրական անվտանգության կանոններին վերաբերող մի շարք հարցեր՝ սկսած սոցկայքերում վիրուսային հղումներին սեղմելուց մինչեւ անհայտ եւ կասկածելի կայքերում գրանցվելը:
Ֆորումին ելույթներով հանդես են եկել «Յուքոմ» ընկերության տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Յուքոմ»-ի ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը, ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը, ՊՆ գնդապետ Արամ Գեւորգյանը, ՊՆ գնդապետ Արմեն Ղալեչյանը:
Ֆորումն անցկացվել է «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակում: Նախագծի հիմնական նպատակն է աշխարհին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին: Նախագիծը մեկնարկել է 2014թ. ապրիլին՝ Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախօրեին:
Նախագծի շրջանակում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ, էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով, էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին եւս մեկ անգամ կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ տալ հնարավորություն յուրաքանչյուրին կիսվել այս ինֆորմացիայով բոլորի հետ: