18:28 | 09.04.15 | Նորություններ | 5890

Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը դասախոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցների համար կազմակերպում է դասախոսությունների շարք:

Ցեղասպանության պատճառների ու հետեւանքների, ինչպես նաեւ դրանց հաղթահարման հնարավորությունների մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների հետ զրուցել է պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

Դասախոսության ու դրան հետեւած քննարկման ընթացքում արծարծվել են նաեւ հայոց էթնիկ հոգեբանության վրա Ցեղասպանության թողած ազդեցությանը, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակին ու հեռանկարներին, հայ քաղաքական մտքի անցյալին ու ներկային վերաբերող հարցեր։

1992-1994 թթ. Արմեն Այվազյանն աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդակցությունում ՀՀ պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994-ից զբաղվում է գիտական եւ հասարակական գործունեությամբ։ Ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի եւ Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։

Հանդիպման ընթացքում պատմաբան-քաղաքագետը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգային խնդիրների վերաբերյալ իր տեսակետները, խոսել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունների, թուրք-ադրբեջանական գործակցության, դրանց համարժեք քաղաքական գնահատական տալու եւ ազգովին ու պետականորեն դիմագրավելու անհրաժեշտության մասին:

«Ցեղասպանությունը ոչ միայն հայերի՝ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկ էթնոսի, ֆիզիկական բնաջնջումն էր, այլեւ Հայաստանի ոչնչացումը, մի երկրի, որն ուներ անկախ պետականություն վերահաստատելու ժողովրդագրական, գաղափարական, քաղաքական եւ մշակութային բոլոր կարողություններն ու հնարավորությունները։ Վերջին հաշվով, հայերի ցեղասպանությունն ուղղված էր Հայաստանի պետության վերականգնման հավանականության դեմ։ Ցեղասպանությունն իրականացվեց փուլ առ փուլ՝ 1893-1923 թթ. ժամանակահատվածում, հիմնականում բնաջնջման, արտաքսման եւ թուրքացման եղանակներով»,- ասել է Արմեն Այվազյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է իր աշխատակիցների շրջանում համահայկական նշանակության կարեւորագույն հարցերի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը՝ ոլորտի մասնագետների հետ հանդիպումների եւ քննարկումների միջոցով: Մենք նախեւառաջ քաղաքացիներ ենք, հասարակության անդամներ, ովքեր անտարբեր չեն պատմության եւ պետականության հիմնախնդիրների հանդեպ, ունենք տարբեր դիրքորոշումներ լսելու եւ սեփական դիրքորոշում ձեւավորելու կարիք: Այս հարցում մենք ակնկալում ենք մեր գիտնականների աջակցությունը, որոնց միջոցով ցանկանում ենք ստանալ պատասխաններ՝ մեր անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Ուրախ ենք նաեւ, որ ամեն մի հանդիպումից հետո մեր ընկերության գրադարանը համալրվում է արժեքավոր աշխատություններով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: