14:19 | 03.04.15 | Նորություններ | 4337

Orange-ի աջակցությամբ մեկնարկել է «Բաց խաղ» 5-րդ առաջնությունը

Այսօր մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման հոբելյանական 5-րդ առաջնությունը, որը կազմակերպում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունը:

«Ուրախ ենք մեր գործընկերների հետ ազդարարել հոբելյանական 5-րդ «Բաց Խաղ» առաջնության մեկնարկը: Այս տարիների ընթացքում բազմաթիվ ստեղծագործական գաղափարներ եւ նախագծեր են կյանքի կոչվել, եւ բացահայտվել են շատ երիտասարդ տաղանդներ: Հպարտ ենք մեր մասնակցությունն ունենալ այս ոլորտի երիտասարդ մասնագետների ապագա հաջողություններում: Արդեն ունենք լավ օրինակներ՝ Հարություն Ամիրխանյանը, որն արժանացել էր «Բաց Խաղ 2014»-ի Orange-ի հատուկ մրցանակին, այսօր Orange Խմբի՝ հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում անցնում է մասնագիտական պրակտիկա՝ իր ստեղծված խաղն ինտեգրելով Orange-ի ցանցային պլատֆորմի վրա»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, իր հերթին, նշել է, որ այս առաջնությունը նախատեսված է ոչ միայն ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների, այլեւ երաժիշտների, սցենարիստների, դիզայների եւ այլ մասնակիցների համար:

«Սա հնարավորություն է, որ տարբեր մասնագետներ ոչ միայն Երեւանից, այլեւ Հայաստանի մարզերից իրենց աշխատանքների եւ լուծումների միջոցով դուրս գան միջազգային շուկա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որ կայացած ընկերությունները եւս մասնակցեն այդ առաջնությանը, եւ դրանով խթանեն այս մրցույթը:

Այս տարի մրցույթում ներկայացված են երկու տարիքային խմբեր՝ մինչեւ 18 եւ 18-ից տարեկանից բարձր: Մինչեւ 18 տարեկան մասնակիցները կմրցեն հետեւյալ անվանակարգերում՝ «Լավագույն խաղ», «Լավագույն դիզայն», «Լավագույն տեխնոլոգիական լուծում», «ժողովրդական մրցանակ», որը կներառի տարիքային բոլոր խմբերի մասնակիցների քվեարկության արդյունքները:

18 տարեկանից բարձր մասնակիցները կմրցեն «Լավագույն խաղ», «Լավագույն տեխնոլոգիական լուծում», «Լավագույն Game Play (սցենար)», «Լավագույն դիզայն» եւ «ժողովրդական մրցանակ» անվանակարգերում:

Առաջնությունն անցկացվելու է 4 փուլով, որի ընթացքում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց նախագծած համակարգչային խաղերը: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը եւ խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր:

«Բաց խաղ»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 10-ը գրանցվել այստեղ: