15:41 | 02.04.15 | Նորություններ | 3865
Orange-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ապրիլին իրականացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Միջոցառումների շարքը մեկնարկել է «Դեպի Կանն» հատուկ վիդեոմրցույթով, որն Orange-ը կազմակերպում է 6-րդ անգամ: Այս տարի մրցույթը նվիրված կլինի վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի ունեցած ձեռբերումներին եւ կկրի «100 տարվա վերածնունդ» խորագիրը՝ մրցույթի մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց ընտանիքների եւ հայ ժողովրդի վերածննդի պատմությունը:
Մրցույթի մանրամասները հասանելի են այստեղ:
«Orange Հիմնադրամ»-ը կաջակցի Ֆրանսիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական նախագծին, որը կազմակերպում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին Փարիզի Շատլե համերգասրահում՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո:
Համերգին կմասնակցեն աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից բաղկացած եւ հատուկ այս միջոցառման համար ստեղծված Armenian World Orchestra նվագախումբը, ինչպես նաեւ Գյուլբենկյան երգչախումբը՝ Հասմիկ Պապյանի (սոպրանո), Նորա Գուբիշի (մեցո սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանի (տենոր), Տիգրան Մարտիրոսյանի (բաս) եւ այլոց մասնակցությամբ: Երգչախմբի ղեկավարն է Ալեն Ալթինօղլուն:
«Orange Հիմնադրամ»-ի հետ համագործակցության շնորհիվ «Արմենիա TV» հեռուստաընկերության արբանյակային ալիքներով համերգն ուղիղ եթերով կհեռարձակվի եվրոպական երկրներում եւ Ռուսաստանում, իսկ ապրիլի 24-ին «Արմենիա TV» հեռուստաալիքով` նաեւ Հայաստանում: Համերգն ուղիղ եթերով առցանց դիտելու համար անհրաժեշտ է ապրիլի 21-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին, այցելել այս հղումով:
Համերգի լրացուցիչ մանրամասները հասանելի են այստեղ:
«Orange-ը Հայաստանի քաղաքացի է, որն ունի ֆրանսիական արմատներ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք մեր մասնակցությունն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների, այդ թվում` այն նախաձեռնություններին, որոնք արտահայտում են Ֆրանսիայի ժողովրդի զորակցությունը հայ ժողովրդին: Մենք մեր պարտքն ենք համարում աջակցել այս կարեւոր նախաձեռնություններին՝ թույլ տալով մեր բաժանորդներին արտահայտել իրենց զորակցությունն ու անմասն չմնալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող միջոցառումներից, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: