11:30 | 02.04.15 | Նորություններ | 2286

    Հայաստանը բաց է ռուսական ՏՏ ընկերությունների համար

    ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մեծացնելու ռուսական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայությունը հայկական շուկայում:

    Այս մասին Վաչե Գաբրիելյանն ասել է այսօր Երեւանում մեկնարկած ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015-ը. Ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը:

    Համաժողովը ՌԴ ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումներից է, որի նպատակն է ամփոփել ՌԴ նախորդ տարվա ՏՏ ոլորտի արդյունքները, քննարկել ՏՏ ոլորտին օժանդակելու հայկական եւ ռուսական քայլերի արդյունավետությունը: Համաժողովին մասնակցում են ավելի քան 100 ռուսական հեղինակավոր ընկերություններ:

    «Հայաստանը խիստ հետաքրքրված է ռուսական ՏՏ ընկերությունների գործունեությամբ հայաստանյան շուկայում: Հուսով ենք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խթան կհանդիսանա դրա համար»,- համաժողովի մասնակիցներին ասել է ՀՀ փոխվարչապետը:

    Վաչե Գաբրիելյանը նկատել է, որ Հայաստանի յուրահատկությունները նպաստում են ռուսական կապիտալի մեծացմանը մեր երկրում: Փոխվարչապետը բերել է ռուսական «Ռուսալ-Արմենալ» ընկերության օրինակը, որը նրա խոսքով, վերջին շրջանում ավելի լավ պայմաններով է իր արտադրանքն արտահանում եվրոպական երկրներ, քան ընկերության՝ Ռուսաստանում գործող մայր գործարանը:

    «Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի GSP+ համակարգը, ինչը տվյալ պահին Ռուսաստանում բացակայում է»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:

    Նկարագրելով Հայաստանի ՏՏ ոլորտը՝ փոխվարչապետն ասել է, որ ներկայում հայաստանյան շուկայում գործում է ավելի քան 400 ընկերություն՝ շուրջ 11 հազ. աշխատակիցներով: Նրա խոսքով՝ ոլորտը դինամիկ զարգանում է՝ տարեկան ապահովելով միջինը 10% աճ: Արտահանման ծավալը կազմում է շուրջ $150 մլն:

    «Իհարկե, ռուսական ընկերությունները մեծ փորձ եւ գործնական կապեր ունեն արտասահմանում, սակայն հայաստանյան ընկերությունները եւս չեն զիջում իրենց փորձով:  Համոզված եմ, որ երկկողմ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար»,- ասել է ՀՀ փոխվարչապետը: