10:19 | 26.03.15 | Նորություններ | 4253
Beeline-ը եւ Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի անցկացման մասին:
Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում եւ նպաստում ուսուցման գործընթացին:
Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտները: Մրցույթը մեկնարկում է մարտի 26–ին եւ նախատեսվում է անցկացնել 2 փուլով: Առաջին փուլում՝ մարտի 26-ից մինչեւ ապրիլի 17-ը ներառյալ, մասնակիցները կարող են ուղարկել իրենց աշխատանքները info@eiu.am էլեկտրոնային հասցեին։ Երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին՝ ապրիլի 20-ից մինչեւ 30-ը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Beeline-ի եւ վարժարանի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովը կգնահատի ներկայացված աշխատանքները, որի արդյունքում կընտրվեն առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը: Այն աշխատանքի հեղինակը, որը ֆեյսբուքյան էջում կստանա ամենաշատ հավանությունը, կպարգեւատրվի խրախուսական մրցանակով:
«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ պատկերացնել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը։ Ավելին, այս ոլորտի բուռն զարգացումը Հայաստանում լուրջ ազդեցություն է թողնում անձի ձեւավորման ու զարգացման վրա։ Համոզված եմ, որ այս մրցույթը ոչ միայն մասնակիցների համար կդառնա նոր բացահայտումների առիթ եւ նորովի կխթանի ՏՏ կիրառումն ուսումնական գործընթացում, այլեւ կօգնի տաղանդավոր երիտասարդներին սեփական ուժերով փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Այսօրվա աշակերտներին վիճակված է ապրելու եւ ստեղծագործելու տեղեկատվական տեխնոլոգիաներով առավել զարգացած միջավայրում: Այնպես որ անհրաժեշտ է ոչ միայն առավել խորությամբ տիրապետել այս ոլորտի ընձեռած հնարավորություններին, այլ նաեւ պատրաստվել մասնակիցը դառնալու վաղվա օրվա նոր զարգացումներին»,- ասել է Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:
Մրցույթի մասին առավել մանրամասն՝ այստեղ: