10:25 | 17.03.15 | Նորություններ | exclusive 3241

Ask On’Fly հավելվածը՝ նաեւ ռուսերեն

Հայ ծրագրավորողների մշակած Ask On’Fly հավելվածը, որը հնարավորություն է տալիս անծանոթ միջավայրում կողմնորոշվել մոտակայքում գտնվող մարդկանց օգնությամբ, թողարկել է թարմացված տարբերակ:

Հավելվածը, որին Itel.amանդրադարձել էր շուրջ 1 ամիս առաջ, այսուհետ հասանելի կլինի նաեւ ռուսերենով:

«Եթե նախկինում օգտատերը կարող էր հարցեր ուղղել՝ կապված միայն իր գտնվելու վայրի հետ, ապա այսուհետ առանձին feed-ում կարելի է ցանկացած բնույթի (Off topic) հարցեր ուղղել: Նորություն է նաեւ հարցերի վարկանիշը, որի միջոցով կարող եք լայքել եւ հակառակը՝ դիսլայքել պատասխանները (եթե տրամադրվել է սխալ տեղեկություն): Դիսլայքերի մեծ քանակության դեպքում պատասխանը կանհետանա»,- Itel.am-ին պատմել է հավելվածի համահիմնադիր Մինաս Քեշիշյանը:

Մյուս համահիմնադիրը՝ Դավիթ Խաչատրյանը, իր հերթին ասել է, որ այն մարդը, որը վարկանիշ է ձեռք բերում լայքերի միջոցով, նրա անվան կողքին հայտնվում է կանաչ պիտակ:

Հավելվածի նոր տարբերակը հնարավորություն է տալիս նաեւ մարդկանց անձնական էջերը բացել եւ տեսնել, թե նրանք նախկինում ինչ հարցեր են ուղղել:

«Ամեն անգամ, երբ թարմացնում ենք հավելվածը, ընթացքում սովորում ենք ճիշտ աշխատել: Սկզբում, երբ ամեն տեսակի հարցեր տալու հնարավորություն չկար, շատերը ներբեռնում էին, սակայն տեսնելով այդ սահմանափակումը՝ ջնջում էին հավելվածը: Այսպես մեծ քանակությամբ օգատերեր կորցրեցինք: Ներկայում բոլոր նախկին եւ ներկա օգտատերերին տեղակացնում ենք թարմացման մասին, եւ դա նպաստում է, որ ներբեռնումների թիվը գնալով ավելանա»,- նշել է Դավիթ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Ask On’Fly-ը հնարավորություն է տալիս նաեւ նախընտրած հեռավորության շառավղով տեսնել այլ օգտատերերի հարցերը: Հարց ուղղելու համար Facebook-ի օգտահաշվի միջոցով պետք է մուտք գործել հավելված. հարցի տրման պահին քարտեզի վրա կնշվի ձեր ստույգ աշխարհագրական դիրքը: